«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Մայր տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։
Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ՝ Մայր Աթոռում պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։
Ի թիվս շատ հյուրերի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայերի է հրավիրել արարողակարգին մասնակցելու համար։
Իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում երկմտում են՝ հրավիրե՞լ ՀՀ իշխանություններին Մայր տաճարի վերաօծմանը, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հրավերի դեպքում նրանք կգան։
«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից դեռ պաշտոնական հրավեր չի ստացել վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեռ 2018 թվականից սկսած, մարտահրավեր է նետել Հայ առաքելական եկեղեցուն. թե՛ Փաշինյանը, թե՛ մյուս ՔՊ-ականները ամենաբարձր ամբիոններից թիրախավորում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մյուս եկեղեցականներին, իրենց կողմնակիցների ձեռամբ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։
ՔՊ-ականների «վրեժխնդրությունն» այն աստիճանի է հասել, որ որոշել են հիմա էլ եկեղեցու գույքը հարկելու նախագիծ մշակել եւ այդ ուղղությամբ են աշխատում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։