Վերջին օրերին թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Ռուսաստան-Ուկրաինա ռազմական գոտում իրավիճակը թեժացել է: Նոր աշխարհաբաժանմանն ընդառաջ գերտերություններն ու հակամարտությունների կողմերը պայքար են մղում իրենց դիրքն ամրացնելու եւ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար, ինչի ճանապարհին քիչ չեն մարտերը, պայթյունները եւ ռմբակոծությունները:
Ի՞նչ է կատարվել Մերձավոր Արեւելքում վերջին օրերին: Այստեղ մեծամասշտաբ պատերազմի վտանգը թուլացել է, սակայն, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարության, Իրանը շարունակում է վտանգ ներկայացնել, քանի որ պատրաստվում է հարձակում գործել Իսրայելի ուղղությամբ:
Ավելի վաղ, օգոստոսի 25-ի առավոտյան լիբանանյան «Հըբալլահ»-ն օդային հարվածներ էր հասցրել իսրայելյան ռազմական նշանակության կետերի, ապա Իսրայելը փոխադարձ հարվածներ է հասցրել: «Հըբալլահ»-ի ռազմական գործողություններից հետո Իսրայելում արտակարգ դրություն էր հայտարարվել: Լիբանանի վարչապետն էլ, իր հերթին, արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ էր հրավիրել:
Նույն ընթացքում Գազայում պատերազմը շարունակում է մարդկանց կյանքեր խլել:
Իսկ նույն ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողություններն ակտիվացել են: Ռուսաստանի Կիրովի մարզն առաջին անգամ ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման: Մարզպետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է, որ զոհեր եւ վիրավորներ չկան: Ռուսաստանի զինված ուժերն էլ իր հերթին վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության Կամիշեմկա բնակավայրը:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս բնակչության միասնականությունը խաթարելու համար մեծանում է տեղեկատվական ճնշումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս պահին Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, իսկ Հնդկական կողմը խաղաղության քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման կողմնակցի դիրք է զբաղեցնում:
Ռազմական գործողություններին զուգահեռ Ուկրաինայի օրենսդիր մարմինը՝ Գերագույն ռադան որոշում էր ընդունել Ռուս ուղղափաս եկեղեցու գործունեությունը երկրում արգելելու վերաբերյալ: Որոշմանն արձագանքել էր Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապն ասել է.
«Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ինձ մոտ վախ է առաջանում աղոթողների ազատության համար։ Ով իրապես աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար: Աղոթքը չի կարող չար արարք գործելու պատճառ լինել: Եթե ինչ-որ մեկը սեփական ժողովրդի դեմ չարություն է անում, նա մեղավոր կլինի դրանում: Բայց նա աղոթելիս չարիք չի գործում: Եվ թող աղոթելու հնարավորություն ստանա նա, ով ցանկանում է աղոթել այն վայրում, որն իր եկեղեցին է համարում: Խնդրում եմ, թող ուղղակիորեն կամ անուղղակի չվերացվի ոչ մի քրիստոնեական եկեղեցի»:
Աշխարհաքաղաքական նման լարված իրավիճակում հարկ է աչալուրջ լինել սպասվող զարգացումներին, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի եւ խաղաղության վրա՝ հաշվի առնելով հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջեւ վերջին օրերին ակտիվացած շփումներն ու Իսրայելի քաղաքական մեկնաբանություններն ու պայմանավորվածությունները թուրքական գործոնի հետ:
Հուրի Բաղդասարյան