ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ։

 

Նրա հետ զրուցել ենք ԱՄՆ նախագահի թեկնածուներից, Հայաստանի իշխանությունների հարաբերությունները բարեկամ երկրների հետ վնասելու եւ սեպտեմբեր ամսին սպասվող քաղաքական իրադարձությունների մասին։

-Պարո՛ն Թորոսյան, նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կկայանան նախագահական ընտրությունները, որի համար իրենց թեկնածուներն են առաջադրել Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարրիսը, ո՞ր թեկնածուի նախագահությունն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար:

-Հայաստանի համար բարենպաստ կլինի միայն այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն աշխատանք տանեն այդ ուղղությամբ. էականորեն կախված չէ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգների կամ որեւէ այլ երկրի ղեկավարը:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, կարծես թե, փորձում են փչացնել երկրի հարաբերությունները մի շարք պետությունների հետ, քանի որ նման խոսակցություններ, այնուամենայնիվ, կան: Օրինակ՝ ի՞նչ փուլում են Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները՝ ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ՝ միայն կույրը կարող է չտեսնել, որ այդ հարաբերությունները վաղուց շատ ցածր մակարդակի վրա են, եւ դրանից Հայաստանը, բնականաբար, տուժում է: Ի դեպ, այս հարցում նույնպես նույն  խնդիրն է: Ոչ թե պետք է լինել ամերիկամետ, ռուսամետ կամ եվրոպամետ եւ այլն, այլ պետք է աշխատել Հայաստանի Հանրապետության համար, իսկ դրա համար պետք է լինել ոլորտի գրագետ մասնագետ եւ ամեն բան կստացվի: Իսկ մասնագետ չլինելու պարագայում՝ որեւէ նշանակություն չունի, թե ում նկատմամբ ավելի  բարեհաճ վերաբերմունք ունեք, կամ չունեք. դուք միշտ կտուժեք այնպես, ինչպես մենք շատ հաճախ տեսնում ենք վերջին տարիներին մեր կյանքում:

-Իսկ ի՞նչ կասեք Վլադիմիր Պուտինի՝ վերջին շրջանի քաղաքականության մասին: Հաշվի առնելով անցյալ շաբաթ նրա այցը Բաքու՝ ի՞նչ եք կարծում, արդյոք հայ-ռուսական հարաբերությունները քանդվա՞ծ են:

-Երբ Պուտինը հանդիպում է Ալիեւի հետ, ապա կարելի է խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին եւ հաստատել, որ վերջին տարիներին էապես բարելավվել են Ադրբեջանի հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները:

-Սեպտեմբերից քաղաքական դաշտում գործողություններ են սպասվում. նոր փուլ է մտնելու «Սրբազան պայքարը», ի՞նչ եք կարծում, արդյոք այն կհաջողի՞:

-Լավ աշխատանք տանելու դեպքում՝ անպայման կհաջողի:

Երկրում առկա խնդիրները պետք է հանրամատչելի բացատրվեն մարդկանց:

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԸ ԱՆՊԱԿԱՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Նիկոլ Փաշինյանը հեծանիվը դարձրել է իր քաղաքական խորհրդանիշը, իսկ հեծանվային զբոսանքը՝ ամենօրյա հոբբին։

Նա բավականին ակտիվ իր սոցիալական հարթակներում լուսաբանում է հեծանիվով զբոսանքի ողջ գործընթացը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե ինքը որեւէ անհանգստություն ու վախեր չունի, կարողանում է առանց անվտանգային միջոցառումների անհոգ շրջել քաղաքացիների շրջանում։

Իրական պատկերը, սակայն, լրիվ այլ է։

Հենց Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ երեւում է, որ նա անգամ իր ամենասիրելի զբաղմունքի՝ հեծանվավազքի ու զբոսանքի, մշտապես դուրս է գալիս անվտանգային խիստ վերահսկողությամբ։

Նախ, Փաշինյանին իր զբոսանքի ընթացքում հսկում են մեծաթիվ թիկնապահներ, ոստիկանական խմբեր։ Այս ամենն էլ բավարար չէ՝ Փաշինյանի անհանգստությունները սեփական կյանքի համար այնքան մեծ են, որ նա զրահաբաճկոն է կրում, ինչը հստակ երեւում է հրապարակած լուսանկարներից։

Նկատենք նաեւ, որ հեծանվարշավների ժամանակ նրան հիմնականում ուղեկցում են նրա կինը, ծանոթները եւ թիմակիցները՝ Արսեն Թորոսյանը, Հայկ Սարգսյանը եւ այլք։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն անգամ իր մտերիմ շրջապատին չի վստահում ու նրանց ուղեկցությամբ էլ զբոսանքի դուրս է գալիս բացառապես զրահաբաճկոնով։

 

 

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐ ԿԼԻՆԵՆ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, նիստ կհրավիրի ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում 3 հարց է՝ «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի եւ Թունիսի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին համաձայնագիր վավերացնելու մասին հարցը:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, նիստ կհրավիրի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում 6 հարց է:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, նիստ կհրավիրի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը եւ այլ նախագծեր:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐ ՏԵՎԵԼ

«Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի», – Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով եւ սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։

Սրբազանը արձագանքեց նաեւ դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տեւել։

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ՝ թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 

 

ԵԽԽՎ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ որոշ անդամներ այդ երկրում «պերսոնա նոն գրատա» կհամարվեն:

«Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել պահպանել ժողովրդավարության չափանիշները, եւ նրանց, ովքեր քվեարկել են խղճի մտոք, սեւ ցուցակում ընդգրկելը կարող է հանգեցնել միայն հակառակ արդյունքի», – ասված Է ԵԽԽՎ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

 

 

ՀԱՅՑԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականի հուլիսի 23-ին գրել էր հոդված՝ «ԲՀԿ-ից ՔՊ. Բագրատյանի ունեցվածքը» վերտառությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը կատարել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարագրի համալիր վերլուծություն։ Մանրամասն նշել էինք՝ ինչ ունեցվածք ուներ Բագրատյանը՝ մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկությունների հիման վրա հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում որոշել է իրականացնել Սերգեյ Բագրատյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։

Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերալ Հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ եւ հիմնավոր փաստաթղթեր։

Ստացված պարզաբանումները գնահատման փուլում են։

 




Լրահոս