ՀՀ-Ն «ԶՐՈ ԴԱՇՆԱԿԻՑ» ՎԻՃԱԿՈՒՄ Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձեւակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արեւմուտքի ու Ռուսաստանի համար, եւ նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։

Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն ասում է. «Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ (Ռուսաստանի դեմ), չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել պատերազմի եւ տնտեսական աղետի»։

Լուրջ պետությունները սիրողականներից տարբերվում են առաջին հերթին բովանդակությամբ, մտածողության առկայությամբ։ Այս ադրբեջանական, վրացական ձեւակերպումների տակ կոնկրետ նպատակներ են դրված՝ ազգային խնդիրներ, ենթակառուցվածքային լուրջ նախագծեր, անհավանական թվացող լուծումներ, մեծ փողեր, կոմունիկացիաների տարբերակներ՝ նոր ճանապարհներ, երթուղիներ եւ այլն։

Ինչ ունենք Հայաստանում. աշխարհի մասին գավառական պատկերացումներով մի իշխանություն, որը բոլորի հետ փչացնելով հարաբերությունները՝ աղետ բերեց մեր երկիր, եւ մենք այսօր գտնվում ենք «ԶՐՈ դաշնակից» վիճակում։

Անմիտ պետությունները պատժվում են դաժանորեն, եւ նրանց անմիտ վերնախավերը կրում են ուղղակի պատասխանատվություն։

Ինչ է իրենից ներկայացնում այսoրվա հայաստանյան քաղաքական միտքը. արեւմտամետների ու ռուսամետների բաժանված ճամբարներ, որոնք քաղաքական գնչուների պես «դաբրոներ» են ակնկալում մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում։ Մեր հավաքական միտքը՝ անկախ որեւէ ճամբարից, չի փորձում Հայաստանի հետպատերազմյան վերականգնման տեսլականը մշակել ու որեւէ ռացիոնալ բան առաջարկել սեփական ժողովորդին ու արտաքին աշխարհին՝ հատուկենտ գործիչների բացառությամբ։

Բոլոր մտածող երկրները դնում են կարճաժամկետ եւ ստրատեգիական նպատակներ։ Ի՞նչ է անում Երեւանը. Երեւանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է, որին արդեն առանց դիվանագիտական կոռեկտության ասում են «այսպես շարունակեք` մորթվելու եք», ու Երեւանը, միեւնույնն է, դա էլ չի հասկանում։

Մեզանում անմտությունը գրավել է բոլոր կենսական ոլորտները։ Մեր քաղաքական միտքը ազգային-ապազգային արխայիկ բարիկադավորման մեջ է։ Մենք ոչ մի ռացիոնալ նպատակ չենք դնում. սա սարսափելի իրողություն է։ Մենք այլեւս չենք էլ հասկանում՝ դրսից մեզ ինչ են ասում, ուր է տանում պրոցեսը։ Մենք նույնիսկ մեր երկրով անցնելիք մի ճանապարհի կամ մի խողովակի ճիշտ տարբերակը մեզ համար չենք կարողանում հաշվարկել ու առաջ տանել։

Պետությունները եւ ժողովուրդները երբեք չեն հասնում իրենց նպատակներին, եթե չեն ձեւակերպում այդ նպատակները։

Հարցը մեր մարդկային, քաղաքական ռեսուրսի մեջ է. պիտի կարողանանք ձեւավորել նոր բովանդակությամբ ու նոր խաղի կանոններով վերնախավ, որը խիզախորեն կխոսի սեփական ժողովրդի հետ ու կվերցնի պատասխանատվություն. ոչ թե շարունակենք կա՛մ սպասարկել «մեծարգոյին» կա՛մ էլ կառչել դիզած հարստությունից ու սպասել հրաշքի։ Մի տարի առաջ արդեն սպասել ենք հրաշքի եւ ունենք կորսված Արցախ»։

Քաղաքագետն ամփոփել է՝ նշելով. «Կատարված ու հավանական աղետի ծավալներն այնքան սահմռկեցուցիչ են, որ հանրային կյանքում անխուսափելի է դառնում բարդ-ցավոտ հարցերի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվելու է լուրջ ռազբորկայի»։

 

 

 

 

ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե սկսելու փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԱԺ՝ պահանջելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ասաց, որ ԿԸՀ-ն չի ընդունում իրենց թղթերը. «Մենք լիազորագրեր ենք տվել մարդկանց, որպեսզի տարբեր քաղաքներում մեր կուսակցությունները ներկայացնեն, նոտարը պետք է հաստատի լիազորագրերը։

Մեր թիմերի ղեկավարները 44 հոգի են ընդհանուր առմամբ, իսկ ԿԸՀ-ն պահանջում է, որ այդ թղթերը լիազորված լինեն մի նոտարի փաստաթղթով, այլ ոչ թե 44 առանձին։

Մենք հիմա վեճի մեջ ենք ԿԸՀ-ի հետ, քանի որ շատ դժվար է մեզ համար այլ քաղաքներից մեր ներկայացուցիչներին բերել Երեւան, բոլորին մի տեղ հավաքել ու նոտարին խնդրել մեկ օրվա մեջ այդ հարցը լուծել։

Մենք ասել ենք, որ օրենքը նման պահանջ չի դնում, նման նախադեպ չկա, դա ֆիզիկապես անհնար է։ Հիմա ԿԸՀ-ն քննարկում է այդ հարցը՝ թույլ տա առանձին լիազորություններով գործընթացը սկսել, թե ոչ»,-ասաց Խզմալյանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԻՐԱՆԸ ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԻ

Իրանը վերջնական ծանուցում է ուղարկել Պակիստանի կառավարությանը` 2024 թ. սեպտեմբերին Փարիզի Առեւտրի միջազգային պալատին առընթեր Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին` կապված Իսլամաբադի կողմից «Խաղաղություն» մագիստրալային գազատարի կառուցման պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ:

Խողովակաշարի պակիստանյան հատվածի կառուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին։ Իսլամաբադը պարտավորվել է նախագծի իր մասն ավարտել մինչեւ 2014 թ. դեկտեմբեր: Փաստաթղթում կետ էր մտցվել ժամկետների խախտման համար տուգանային պատժամիջոցների վերաբերյալ, որով Պակիստանն ուշացման յուրաքանչյուր օրվա համար 1 միլիոնական դոլար պետք է վճարեր 2015 թ. հունվարի 1-ից: 2014 թվականին շինարարությունը 10 տարով հետաձգվել է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։

2019 թ. սեպտեմբերին Պակիստանի Inter-State Gas Systems-ը եւ Իրանի National Iranian Gas Company-ը ստորագրեցին վերանայված պայմանագիր, որի համաձայն՝ Իսլամաբադը պարտավորվել է խողովակաշարն ավարտին հասցնել 2024 թվականին եւ օրական ներմուծել շուրջ 21 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Փոխարենը Թեհրանը համաձայնել է ձեռնպահ մնալ արբիտրաժային դատարան դիմելուց։

Այնուհետեւ, ըստ The News թերթի, նախագծի առաջին հերթի (81 կմ երկարությամբ հատված) հանձնումը հետաձգվեց մինչեւ 2024 թ. սեպտեմբեր։ Սակայն հատվածի շինարարությունը չսկսվեց, նշում է հրատարակությունը։ Դրա հետ կապված՝ Թեհրանը «վերջնական ծանուցում» է ուղարկել Իսլամաբադին:

 

 

 

ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր  (խմբ.) մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում` ՌԴ նախագահի այցի շրջանակներում:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաեւ ՀՀ-ի բացակայության պայմաններում:

Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը, որ ստեղծված իրավիճակում անում են` հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելը»,-գրել է նա:

 

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրացական ընդդիմադիր լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հայտարարել։

Լրագրողները պարզել են, որ «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրի «առեղծվածային» կետը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել, այս տեղեկությունը նրանց հաստատել են մի քանի աղբյուրներ։

Երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, Վրաստանի պատրիարքարանը, իբր, արդեն խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ այս հարցի շուրջ այն բանից հետո, երբ նման նախաձեռնությունը գաղտնի ստացվել է իշխանություններից։

Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, իբր, դեմ է դրան՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ չէ, եւ դեռ չի եկել նման քայլի պատմական պահը։ Նաեւ որոշ եկեղեցականների հակափաստարկն այն է, որ այս դեպքում եկեղեցին ավելի քիչ անկախ կդառնա պետությունից։

Իշխանությունների կողմից նույնպես պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն եղել, սակայն «Վրացական երազանքը» բացահայտ ասել է, որ իրենց նպատակն է «պաշտպանել Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում հանրությանը կտեղեկացվի «Վրաստանի եւ քրիստոնեական հավատքի համար էկզիստենցիալ նշանակություն ունեցող շատ կարեւոր խնդրի մասին»։

 




Լրահոս