ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410 մլն. ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, 2014-2019 թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն եւ ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ինքը եւ հիշյալ աշխատակիցները ստացել են ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:
Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով:
Նույն ժամանակահատվածում նա նաեւ համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդներին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Կատարվել են նաեւ այլ հափշտակություններ:
Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգեւավճարներ, հավելավճարներ եւ այլն) տրամադրելու լիազորություն, 2014 թ. հունվարից մինչեւ 2024 թ. հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը եւ գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:
Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաեւ ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ վարույթը դատարան ուղարկելու համար:
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Աճառյան փողոցում, ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց եւ զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» եւ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ եւ գազային ատրճանակ:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով եւ 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:
Քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երեւան քաղաքի մեկ այլ բնակչի հետ:
Վերջինիս ցուցումով եւ հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» եւ «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երեւան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել եւ ուղարկել է նրան:
2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաեւ 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է 97 զիփ փաթեթ։
Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄԵԿ ԱՄՍՈՎ
Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այս ամսին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ եւ այն կրճատել է մեկ ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
ՄԵՐԺՎԵԼ Է Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍԴ-ն մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երեւանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը՝ պատճառաբանելով, թե խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն երկրորդ անգամ է ՍԴ դիմում ներկայացնում՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։ ՍԴ-ն ներկայացված առաջին դիմումի քննությունը կարճել է դեռ 2023 թ. հոկտեմբեր ամսին։ Այս անգամ Վարդազարյանը դիմումը ներկայացրել է նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։ Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ լսված լինելու՝ դատավորի եւ նրա ներկայացուցիչների բացակայությամբ գործը քննելու առումով։
Այս որոշումից հետո Վարդազարյանի անունից դիմում է ներկայացվել, քանի որ դեռ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման շրջանում ԲԴԽ-ն 2022 թ. գործը քննել է առանց Վարդազարյանի եւ նրա ներկայացուցչի մասնակցության, թեեւ ստացվել են համապատասխան դիմումները, որով խնդրել էին հետաձգել նիստը։ Ի դեպ, այդ արատավոր պրակտիկան «ակտուալ» է նաեւ այսօր, բոլորովին վերջերս ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ հինգ րոպե ուշացման պատճառով հնարավորություն չտալով դատավորին՝ դիրքորոշում հայտնել։
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024 թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերոնշյալ 7 անձինք ձերբակալվել են։ Բեռնախցիկում հայտնաբերված անձը ճանաչվել է տուժող։
Պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան վթարի ենթարկելու հետեւանքով իրեն պատճառած վնասի գումարը, սակայն մերժվել է, որից հետո Հնդկաստանի 6 քաղաքացիներին հրահանգել է առեւանգել նրան:
7 մեղադրյալների համար, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը: