Արտուշ Բաբայանը՝ առավել հայտնի որպես Արտուշ պապիկ, իր հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ գրավել է շատ այցելուների սրտերը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտուշ պապիկն ասաց, որ իր ռեստորանում այցելուների պակաս չունենալու գաղտնիքն այն է, որ մշտապես անարատ ուտեստներ են հրամցնում։ Անգամ Արտուշ պապիկն ինքն իր ձեռքով է ապրանքներն ընտրում եւ տեղում պատրաստվող ուտելիքները պատրաստվում են այնպես, ինչպես կպատրաստվեին տանը։
«Լյուքս Անահիտը» կամ «Արտուշի մոտ» ռեստորանը, որը շատերը հենց այդպես էլ գիտեն, նաեւ հայտնի է նրանով, որ շատ հայտնի եւ սիրված դեմքեր են այդտեղ ճաշել։ Հայտնի այնպիսի դեմքեր՝ ինչպիսիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիս Սիմոնը, լեգենդար Արմեն Ջիգարխանյանը, Ռոզի Արմենը, Ջորջ Քլոունին, Ժակ Շիրակը եւ այլք։
Նշենք, որ ռեստորանն իր անվանումը ստացել է Արտուշ պապիկի 58 տարվա կյանքի ընկերոջ՝ նրա Անահիտ կնոջ անունով:
Արտուշ պապիկը մեզ պատմել է նաեւ, որ հայտնի հյուրերի կողմից ստացել է մի շարք նվերներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից: Ռեստորանում տեսանք նաեւ Վլադիմիր Սպիվակովի կողմից ստացված նվերները՝ լուսանկարներ, որոնք Սպիվակովն իր իսկ ձեռքով կախել է ռեստորանի պատից:
Ռեստորանի մասին խոսում են բոլորը, եւ անգամ եղել են խոսակցություններ, որ ռեստորանում ամեն բան շատ թանկ է, ինչը եւս պայմանավորել են այն փաստով, թե բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են եղել այնտեղ։ Այս թեմային Արտուշ պապիկը եւս անդրադարձավ եւ նշեց, որ այդ խոսակցությունները չար լեզուների տարածած բամբասանքներն են, քանի որ ռեստորանում թանկ բան չկա, ամեն բան հարմարեցված է այցելուների գրպանին։
Տեղում զրուցել ենք նաեւ ռեստորանի այցելուների հետ, որոնցից մեկն արդեն 24 տարի է, ինչ այցելում է ռեստորան, իսկ մյուսը եկել էր Գերմանիայից եւ իրեն շատ լավ էր զգում հայկական մթնոլորտում։
Արտուշ պապիկն ու նրա կինը՝ Անահիտ Գյուրջյանը, ով եւս այնտեղ էր, ամուսնացած են շուրջ 58 տարի։ Մեզ հետ զրույցում կինն ասաց, որ ամուսնու հետ ամուսնացել է, քանի որ աշխատասեր է եղել, ինչն էլ գրավել է։
Ընտանեկան գողտրիկ այս ռեստորանում բոլոր ճաշատեսակները պատրաստվում են Արտուշ պապիկի եւ տիկին Անահիտի տատիկների բաղադրատոմսերով եւ ճաշացանկը կազմված է հայկական ճաշատեսակներից:
Ռեստորանի հյուրընկալ պատերի ներսում խոսել ենք նաեւ ավագ խոհարար Արտակ Եսայանի հետ, ով նշեց, որ շուրջ 30 տարի է ինչ աշխատում է ռեստորանում եւ հաճույքով է գալիս աշխատանքի։
Մեզ հետ զրույցում Արտուշ պապիկը կիսվեց ռեստորանի պատմության ընթացքում հիշարժան մի քանի պատմություններով: Մի անգամ հյուրերին առաջարկել է փորձել իր կնոջ պատվին անվանում ստացած «Անահիտ» աղցանը, որը սեփական բաղադրատոմսով է պատրաստվում եւ նշել, որ չհավանելու դեպքում՝ կարող են չվճարել դրա համար. ճաշի ավարտին հյուրերը վճարել են ամբողջական գումարը:
Ահա այսպես, ընտանեկան ջերմ մթնոլորտում, համեղ եւ թարմ ուտեստների, բույրերի ու համերի ներքո էլ անցնում են շատ երեւանցիների երեկոները։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Ո՞ՒՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կառավարության որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից եւ հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումը: Այդ է փաստում տարեցտարի օլիմպիադաներին մասնակցող եւ հաղթող աշակերտների թվի աճը:
Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին եւս խրախուսելու եւ ոլորտի գրավչությունը մեծացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է այդ հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը:
Գումարը կտրամադրվի ՀՀ-ում գործող մարզառազմական պետական ուսումնական 3 հաստատությունների 533 սովորողների, որոնցից 96-ը հանդիսանում է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանի սան, 187-ը՝ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի, իսկ 250-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (հաշվի է առնվել փաստացի սովորողների եւ ընդունելությամբ կանխատեսվող սովորողների թիվը):
Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողների խրախուսումը կնպաստի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը։
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգեւորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգեւոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:
Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին: Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:
Հանդիպումն անցկացվելու է Երեւանում՝ Բաղրամյան 59 հասցեում։
2 ԴՊՐՈՑ՝ 148 ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
2023 թ. հունիսի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի հիմնական եւ միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների թվաքանակի, դպրոցների պահպանման ծախսերի, այդ դպրոցների միավորման ծրագրի մասին։ Մարզպետարանից պատասխանել են. «Գոշի միջնակարգ դպրոցն ունի 109 աշակերտ, հիմնական դպրոցը՝ 39 աշակերտ: Կառավարության՝ «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրով Գոշ գյուղում կառուցվելու է մեկ մոդուլային դպրոց: Աշխատանքները գտնվում են նախագծային փուլում: Գոշի հիմնական դպրոցի՝ 2022 թվականի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կազմել է 26611,6 հազար դրամ, իսկ Գոշի միջնակարգ դպրոցինը՝ 50226,8 հազար դրամ»: 2024 թ. օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետին հարցում ենք ուղարկել՝ ի՞նչ եղավ Գոշի հիմնական եւ միջնակարգ դպրոցների միավորման գործը։ Մարզպետարանից պատասխանել են. «Գոշ գյուղի ձգվածության եւ դպրոցների միջեւ 3 կմ հեռավորության պատճառով դպրոցների վերամիավորում չի իրականացվելու, քանի որ Գոշի հիմնական դպրոցի աշակերտների համար կստեղծվի դժվարություն միջնակարգ դպրոց հասնելու համար»: Անցյալ տարի, երբ նախատեսել էիք այդ դպրոցները միավորել, մոտ 1130 բնակիչ ունեցող Գոշ գյուղը ձգված չէ՞ր, այդ դպրոցների միջեւ 3 կմ հեռավորություն չկա՞ր։ 148 աշակերտի համար գյուղում 2 դպրոց եք պահում, պետբյուջեից տարեկան 77 միլիոն դրամ ծախսում։
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԱՏ ՀԱՏՎԱԾՆԵՐ ՔԱՆԴՎԱԾ ԵՆ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի հատվածում, Դիլիջանի «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ ճանապարհի եզրը մեծ երկարությամբ քանդված է։ Քանդված հատվածը ժապավենով մեկուսացված է, սակայն դա չի կարող խանգարել, որ խոշոր մի բեռնատար, կամ այլ ավտոմեքենա ընկնի իջվածքի մեջ։ Նման քանդված մեծ հատված կա նաեւ միջպետական ավտոճանապարհի Թեղուտ գյուղի եզրով ձգվող տարածքում։ Մայիսի 25-26-ին տեղացած անձրեւներից վարարած Աղստեւը շատ տեղերում վնասել է միջպետական ավտոճանապարհը, սակայն ճանապարհի եզրին գետափնյա քանդված տեղերը դեռ չեն նորոգել։ Այդ ճանապարհը սպասարկում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին Իջեւանում կայացած ֆեստիվառին մասնակցելու համար հեծանիվով կամ ավտոմեքենայով անցել է այդ ճանապարհը, նա պետք է հանձնարարական տար՝ նորոգելու քանդված հատվածները. սակայն ճանապարհի քանդված հատվածները չեն նորոգվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ