ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերության Կիբեռմիջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Kaspersky Global Emergency Response Team, GERT) փորձագետները հայտնաբերել են խարդախ արշավ, որն ուղղված է ամբողջ աշխարհում Windows-ի եւ MacOS-ի օգտատերերի կրիպտոարժույթի եւ անձնական տվյալների գողությանը: Այն ստացել է Tusk անվանումը։ Ենթադրվում է, որ գրոհների հետեւում կանգնած են ռուսալեզու չարագործները։ Տվյալներ գողանալու համար օգտագործվում են ֆիշինգային ռեսուրսներ, ինֆոստիլերներ եւ կլիպերներ:

 

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ սկզբում չարագործները զոհերին գայթակղելով հասցնում են ֆիշինգային կայքեր, որոնք նմանակում են տարբեր լեգիտիմ ծառայությունների դիզայնն ու միջերեսը: Նրանց ուշադրությունը գրավելու համար չարագործներն օգտագործում են տարածված թեմաներ, ինչպիսիք են web3-ը, կրիպտոարժույթը, արհեստական բանականությունը, առցանց խաղերը: Հայտնաբերված որոշ էջեր նմանակում են կրիպտոհարթակ, առցանց դերային խաղ եւ AI թարգմանիչ: Ուշադիր ուսումնասիրելիս ֆիշինգային ռեսուրսներում կարելի է տեսնել փոքր տարբերություններ բնօրինակից, օրինակ՝ անվանման մեջ կամ URL-ում: Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք շատ արժանահավատ տեսք ունեն, ինչը մեծացնում է հաջող գրոհի հավանականությունը:

Ֆիշինգային ռեսուրսները թույլ են տալիս կորզել օգտատերերի գաղտնի տվյալները, օրինակ՝ կրիպտոդրամապանակների գաղտնի բանալիները, ինչպես նաեւ զոհի սարք ներբեռնել վնասաբեր ԾԱ։ Հետագայում չարագործները կարող էին կեղծ կայքի միջոցով հասանելիություն ստանալ կրիպտոդրամապանակին եւ վնասաբեր ծրագրերի միջոցով դրանից դուրս բերել միջոցները կամ գողանալ դրամապանակի հաշվառման տվյալները, վավերապայմանները եւ այլ տեղեկատվություն։

Արշավի շրջանակներում չարագործները տարածել են այնպիսի ինֆոստիլերներ, ինչպիսիք են Danabot-ը եւ Stealc- ը, ինչպես նաեւ կլիպերներ։ Ինֆոստիլերները նախատեսված են գաղտնի տվյալների (այդ թվում՝ մուտքանունների եւ գաղտնաբառերի) գողության համար, իսկ կլիպերները ձեռք են գցում տվյալները փոխանակման բուֆերից: Օրինակ, եթե օգտատերը կրկնօրինակի էլեկտրոնային դրամապանակի հասցեն փոխանակման բուֆեր, ապա կլիպերը կարող է այն փոխարինել վնասաբեր հասցեով:

Վնասաբեր ԾԱ-ի ներբեռնման ֆայլերը տեղակայվում են Dropbox-ում: Դրանց ներբեռնումից հետո զոհը հայտնվում է հարմար միջերեսով գրավիչ ռեսուրսում, որտեղ նրան առաջարկվում է մուտք գործել կամ պարզապես չփակել էջը։ Այդ ժամանակ ներբեռնվում են այլ վնասաբեր նիշքեր։

Tusk-ի վնասաբեր կոդը պարունակում է ռուսերեն տողեր: Բացի այդ, վնասաբեր ծրագրեր ներբեռնելու նիշքերում հանդիպել է «Մամոնտ» բառը, որը ռուսալեզու չարագործներն օգտագործում են զոհին մատնանշելու համար:

Գրոհողները, ամենայն հավանականությամբ, ֆինանսական նպատակներ են հետապնդում։ «Կասպերսկի»-ի փորձագետները դա արտացոլել են արշավի անվանման մեջ՝ Tusk («Ժանիք»). մամոնտներին որսում էին հանուն արժեքավոր ժանիքների։

«Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ խոսքը մանրակրկիտ մտածված արշավի մասին է։ Դա, ի թիվս այլնի, մատնանշում է այն հանգամանքը, որ գրոհները բաղկացած են մի քանի փուլերից եւ փոխկապակցված են։ Դրանց հետեւում կարող է լինել ինչպես խումբ, այնպես էլ ֆինանսական նպատակներ հետապնդող անհատ չարագործ:

Kaspersky Threat Intelligence Portal-ի շնորհիվ մենք կարողացանք հայտնաբերել ենթաարշավներ տարբեր տարածված, այդ թվում՝ կրիպտոարժույթի, արհեստական բանականության, առցանց խաղերի, ինչպես նաեւ 16 այլ թեմաներով: Սա խոսում է այն մասին, որ չարագործները կարող են արագ հարմարվել արդիական օրակարգին եւ այն օգտագործել օգտատերերի վրա գրոհների համար»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության միջադեպերի հայտնաբերման եւ արձագանքման կոմպետենցիայի կենտրոնի ղեկավար Կիրիլ Սեմյոնովը:

 

 

 

ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ՝ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ

Չինաստանի արտահանման սահմանափակումները կիսահաղորդչային արդյունաբերության մեջ օգտագործվող ռազմական եւ կապի սարքավորումների բաղադրամասերում գալիումի եւ գերմանիումի մատակարարման հարցում հանգեցրել են արեւմտյան շուկաներում այդ ռազմավարական մետաղների գների գրեթե կրկնապատկմանը: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։

«Ազգային անվտանգության շահերից ելնելով» այս մետաղների արեւմտյան հաճախորդներին մատակարարելու նման սահմանափակումները «կարող են ազդել առաջադեմ միկրոպրոցեսորների եւ օպտիկական արտադրանքների արտադրության վրա», ասվում է հրապարակության մեջ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Չինաստանն արտադրում է գալիումի 98%-ը եւ գերմանիումի 60%-ը։

«Չինաստանից [մատակարարման հետ կապված] իրավիճակը կրիտիկական է, մենք կախված ենք նրանցից», – մեջբերում է պարբերականը տուժած արեւմտյան ընկերություններից մեկի աշխատակցի խոսքը։

«Եթե Չինաստանը կրճատի գալիումի արտահանումը, ինչպես եղավ առաջին կիսամյակում, մեր պաշարները կսպառվեն եւ կառաջանա դեֆիցիտ», – ասել է նա։ Գերմանական Tradium ընկերության ներկայացուցիչ Յան Գիզեի խոսքով, «արտահանման վերահսկման այս միջոցները լրացուցիչ սթրես են ստեղծում բոլորի համար Չինաստանից դուրս եւ բարդացնում իրավիճակը շուկաներում»:

 

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 եւ ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

 

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է

«Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ առեւտրաշրջանառությունն այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել։» Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումները կազմել են մեր ընդհանուր արտահանումների ընդամենը 3,5%-ը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները դեպի Եվրոպա կրճատվել են առավել քան 3 անգամ»,-

գրել է նա:

 

ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rabobank-ը թարմացրել է կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների տարեկան վարկանիշը՝ Global Dairy Top-20-ը՝ հիմնվելով 2023 թվականի արդյունքների վրա։

Ինչպես եւ մեկ տարի առաջ, ցուցակը գլխավորում էր ֆրանսիական Lactalis-ը, ընդ որում խումբը դարձել է առաջին արտադրողը, որի եկամուտը կաթնամթերքի վաճառքից գերազանցել է 30 միլիարդ դոլարը, ըստ Agroexoprt-ի՝ վերջին 4 տարիների ընթացքում Lactalis-ի վաճառքներն աճել են ավելի քան 11 մլրդ դոլար:

Աշխարհի կաթնամթերք արտադրող 20 խոշորագույն ընկերությունների միացյալ շրջանառությունը 2023 թվականին դոլարային արտահայտությամբ աճել է ընդամենը 0,3%-ով՝ նախորդ տարվա 8,1%-ով աճելուց հետո։ Անցյալ տարի կաթի գների անկումը, համեմատած 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ, աճի զգալի դանդաղման հիմնական գործոնն էր։

 

ԱՃԵԼ ԵՆ ՆԱՐՆՋԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ

Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույնին՝ վատ բերքի եւ հիմնական արտադրող երկրներում բույսերի հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը: Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մինչեւ 5,04 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի շեմը։ Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում նարնջի հյութի գներն աճել են 16,13 %-ով, իսկ 12 ամսվա ընթացքում՝ 57,66 %-ով։

Գներն աճում են Բրազիլիայում նարնջի վատ բերքի ֆոնին. այս երկրին է բաժին ընկնում հյութի համաշխարհային արտադրության ավելի քան 70 %-ը:

 




Լրահոս