«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ Գրիշա Աղախանյանի եւ Լեւոն Հարությունյանի հետ միասին պատրաստում են նոր ներկայացում` «Ջին ջան»: Բեմադրիչն Արթուր Սահակյանն է, ով բեմադրել է նաեւ «Խաթաբալադա» եւ «Մեա կուլպա» ներկայացումները, հեղինակը Քրիստ Մանարյանն է, պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Պրեմիերան նախատեսված է հունվարի 30-31-ին` Պարոնյանի անվան թատրոնում: Լիրիկական կատակերգություն է, որտեղ կա ե՛ւ սեր, ե՛ւ ծիծաղ: Դերասանուհու խոսքերով` հեքիաթ-ներկայացում է, որտեղ ինքը գտնում է Ջինին, եւ արդեն պարզ չէ, թե ով է ում ցանկությունները կատարում: Ներկայացմամբ ուզում են ասել, որ սերն ամեն ինչ կհաղթահարի: Քաղաքական ենթատեքստ չկա:
-Եթե իրականում գտնեիք Ջինին, ի՞նչ ցանկություններ կհայտնեիք:
-Աշխարհին խաղաղություն:
-Իսկ Ձեզ համա՞ր:
-Իմ անձին էլ խաղաղություն, երջանկություն, բախտավորություն եւ այլն, եւ այլն: Պրիմիտիվ մարդկային ցանկություններ, ուրիշ էլ ի՞նչ պետք է ուզենք:
-Դե, նյութական որեւէ բան:
-Նյութականն էլ ցանկալի է, բայց դրանով երջանիկ չես լինի: Չնայած, առանց ֆինանսի էլ չես լինի: Ես կցանկանայի ունենալ բարձր վարձատրվող աշխատանք:
-Հեռուստաընկերությունում էիք աշխատում` «Դանիելյան+Դանիելյան» նախագծում, բայց վերջերս Ձեզ էլ ոչ մի հեռուստատեսային նախագծում չենք տեսնում: Առաջարկնե՞ր չկան, թե՞ հրաժարվում եք դրանցից:
-Հեռուստատեսությունն ինձ հետաքրքրում է, բայց այս պահին առաջնայինն ինձ համար ներկայացումն է: Եւ նկարահանումներն էլ այնպես եմ հարմարեցնում, որ իմ բեմական փորձերին չխանգարեն: Հիմա Սերգեյ Դանիելյանի հետ կրկին մեկ այլ նախագծի մեջ եմ, որը շուտով եթեր դուրս կգա:
-Սերիալներում էլ չկաք:
-Պատկերացրե՛ք, որ առաջարկներ չեմ ստացել եւ այնքան ուրախ եմ: Դա ահավոր տանջալից գործ է: Այնպես չէ, որ եթե ինձ առաջարկեին, միանգամից կհրաժարվեի, բայց ես շատ լուրջ կդնեի իմ պայմանները: Դա ե՛ւ դժվար, ե՛ւ ոչ շատ հաճելի աշխատանք է: Իսկ համաձայնելու համար նյութական վարձատրությունը պետք է լավ լինի: Մի քիչ խուսափում եմ սերիալներում հայտնվելուց: Ծանր գործ է այնքանով, որ նկարահանումները նորմավորված չեն, կարող է առավոտից գիշեր ձգձգվեն: Արվեստի առումով էլ բավարարվածություն չես ստանում այդ գործից:
-Վերջին տարիներին կինոինդուստրիան առաջ է գնացել, իսկ հայկական ֆիլմերում նկարվելուն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ուրախ եմ, որ քայլեր արվում են այդ ուղղությամբ: Քիչ առաջ էլ կինո «Մոսկվա»-ից դուրս եկա, գնացել էի «Ալա Բալա Նիցա» ֆիլմի տոմս գնելու: Ինձ հետաքրքիր է, թե ինչ գործեր են անում: Վատ չէ, գիտեք, նույնիսկ լավ են նկարում:
-Բայց դա իրո՞ք այդպես է, թե՞ քանի որ մենք ուրիշ լավորակ ֆիլմեր չենք տեսել, դրանք մեզ լավն են թվում:
-Հետաքրքիր հարց էր, անկեղծ կասեմ: Միգուցե եթե համաշխարհային մասշտաբով վերցնենք, հնարավոր է՝ այդքան էլ… դե համեմատում ենք մեր եղածի հետ: Չնայած որակը լավն էր, փող է դրած: Ինձ, ցավոք, առաջարկ չի եղել ֆիլմում նկարվելու, միանգամից կհամաձայնեի:
Մի քիչ լավ սցենարի բացակայություն կա, լավ դերի, կերպարի: Հետո էլ ֆինանսները չեն բավարարում շատ լավ բան ստեղծելու համար:
-Եթե Դուք ֆինանսական միջոցներ ունենայիք, հնարավո՞ր է` ինքներդ մի բան ձեռնարկեիք:
-Ես կհավաքեի լավ խումբ, ամեն մարդ կզբաղվեր իր գործով, ես էլ գումարը կտայի եւ կմասնակցեի որպես դերասանուհի:
-Ի՞նչ կերպար կցանկանայիք մարմնավորել:
-Դժվարանում եմ ասել, երեւի թե դա էլ մեր աշխատանքն է, որ տարբեր բաների պետք է համաձայնենք: Իմ սրտով պետք է լինի: Ասում են` լավ դերասանը պետք է ամեն դեր էլ կարողանա խաղալ, չլինի սահմանափակ իր կերպարի մեջ: Բայց ինձ համար ինչ-որ որոշված հումորային ժանրի մեջ գտած կերպար կա արդեն:
-Իսկ ցանկություն չկա՞ մի քիչ ավելի լուրջ, ծանր կնոջ կերպար մարմնավորելու:
-Ծանր կնոջ կերպար բացարձակապես ցանկություն չկա մարմնավորելու, բայց կնոջ` կա: «Ջին ջան» ներկայացման մեջ Արթուրը փորձում է ինձ հանել այդ հումորային կնոջ կերպարից եւ ներկայացնել ինձ որպես ավելի լիրիկական կին, ով փնտրում է իր երջանկությունը:
-Դե ասեք` ի՞նչ ճանապարհներով պետք է կանայք փնտրեն իրենց երջանկությունը:
-Պետք է ինքդ քեզ հետ լինես մաքսիմալ անկեղծ ու հասկանաս, թե ինչ ես ուզում: Շատերը չեն գնահատում այն, ինչ ունեն: Ինչ-որ բանի կարիք բոլորս էլ ունենք, բայց մենք մեզ դրանից դժբախտ չենք զգում:
-Մարդիկ երջանիկ են այն դեպքում, երբ ներդաշնա՞կ են իրենց հետ:
-Ես այդ ներդաշնակությունն ունեմ, ինքս ինձ հետ բալանսի մեջ եմ: Երջանիկ կին եմ, ամեն ինչ ունեմ, տղա ունեմ, փառք Աստծո, անձնական ունեմ, աշխատանք ունեմ: Երբեք չեմ բողոքել ու չեմ անի այդ բանը:
ԳՆԱՀԱՏԵ՛Ք ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ