ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ՝ 2025թ-ի սեպտեմբերի 20-ին կայանալու է կուսակցության հերթական Համաժողովը։
Իսկ ի՞նչ է սպասվում կուսակցության Համաժողովին։
ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության հերթական Համաժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ՝ Վարչության որոշմամբ սահմանված ժամկետում և օրակարգով: ՔՊ վերջին Համաժողովը տեղի էր ունեցել 2022թ-ի հոկտեմբերին։
Համաժողովը նախագահում է Վարչության կողմից որոշված Վարչության անդամը:
Կուսակցության Համաժողովին կարող են մասնակցել Կուսակցության բոլոր անդամները, ինչպես նաև նրա անդամներից ընտրված պատվիրակները։ Համաժողովին մասնակցության կարգը Վարչության առաջարկով սահմանում է Համաժողովը:
Համաժողովի ընթացքում մասնակցիների առաջարկությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվում կուսակցության կանոնադրությունում և ծրագրում։
Համաժողովը քվեարկությամբ ընտրվելու է վարչության նոր կազմ, ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, նաև վարչության նախագահ են ընտրելու։
Օրինակ՝ կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության Համաժողովին հաստատվում է նաև ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների առնվազն երեք տասնյակը։
Հաստատման ընթացակարգը Վարչության առաջարկով որոշում է Համաժողովը:
Կուսակցության Համաժողովում ընդունված որոշումները ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ, իսկ կուսակցության կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան