ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Նուբարաշենի բանտում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներց Աշոտ Կնյազյանը, որն առնչություն է ունեցել զենքերի ու ռազմամթերքի գործընթացը կազմակերպելու հետ: Ըստ նախնական վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել:

 

Փաստորեն, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2021 թվականին գրել էր. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը եւ Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա կատարվել են բազմաթիվ առգրավումներ»:

Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի հետ։

-Տիկի՛ն Բախշյան, երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Նուբարաշեն ՔԿ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով վկաներից Աշոտ Կնյազյանը: Նախնական վարկածի համաձայն՝ նա հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: Ստեղծվել է մի իրավիճակ, որ այսօրվա դրությամբ գործով վկաներից միայն երեքն են ողջ՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը: Մյուս վկաները մահացած են: Այս պայմաններում, ըստ Ձեզ, տիկին Բախշյան, ինչպե՞ս եք պատկերացնում գործի ամբողջական բացահայտումը:

-Քսանհինգ տարի է անցել այդ ահաբեկչությունից, եւ քսանհինգ տարի առաջ, երբ բոլորը ողջ էին, գործը չի բացահայտվել, եւ այսօր, երբ  ահաբեկիչներից միայն երեքն են ողջ, իսկ վկաներից շատերն արդեն մահացած են, գործը չի բացահայտվելու՝ հակառակ նրան, որ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կառավարության որոշումով բավարարվել է իմ բողոքը: Ես դիմել էի՝ վերաբացելու 2004 թվականին անջատված մասով գործը՝ կազմակերպիչների եւ հրահրողների վերաբերյալ: Գործը բացվել է. անցել է հինգ տարի, սակայն ոչինչ չի արվել: Աշոտ Կնյազյանը մահացավ, վաղը, մյուս օրը, մյուսներն էլ կմահանան եւ կասեն. «Վե՛րջ, այլեւս մարդ չկա, որ հարցաքննենք»:

Վերաբացված գործում Կնյազյանի վերաբերյալ դրվագ չկա, քանի որ նա դահլիճում չի եղել: Նա նշել է, որ տղաներին իր մեքենայով բերել է Ազգային ժողով եւ վերջ: Սակայն դատավարության ժամանակ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իր մեքենայով նաեւ զենքերն են բերել, կամ, որ սխալ բան չասեմ՝ խոսվում էր ինչ-որ կանաչ «ՈՒԱԶ»-ի մասին: Ուզում եմ ասել, որ Աշոտ Կնյազյանը ահաբեկիչ խմբի ամենափոքր «վինտիկն» էր, սակայն Նաիրի Հունանյանի եւ մյուսների ընկերն էր:

-Տիկի՛ն Բախշյան, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալիս ասում էր, որ գործը կարճ ժամանակում բացահայտվելու է, սակայն այն դեռ բացահայտված չէ, ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում, որ այն բացահայտվի, թե խանգարող այլ հանգամանքներ կան:

-Անձամբ Փաշինյանի կողմնակիցն եմ եղել՝ հատկապես այն հիմնավորմամբ, որ նրա ծրագրում կային «մարտի 1-ի» եւ «հոկտեմբերի 27-ի» գործերի բացահայտում, ու երբ 2019 թվականին, իմ դիմումի հիման վրա, գործը վերաբացվեց ես մտածեցի, որ քաղաքական կամք կա, բայց այժմ կասկածում եմ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

Իշխանությունները խորհրդարանը վերածել են իրենց ՔՊ կուսակցության գրասենյակի: Բոլոր միջոցառումներին, հանդիպումներին, ինչպես նաեւ գործուղումներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ-ական պատգամավորները, իսկ ընդդիմության ձայնի իրավունքն ԱԺ-ում խախտված է:

 

Այսպիսով՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ասոցիացիան հաղորդագրություն էր տարածել, որ իրենց նախաձեռնությամբ հուլիսի 25-ին հանդիպում է կայացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման նպատակն էր, վերականգնել ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից, դեռեւս 2019 թ. փետրվարին ստեղծված ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքները՝ որպես ԱԺ-ՓՄՁ երկխոսության հարթակ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, ԵՄ հայաստանյան գրասենյակի առեւտրի գծով պատասխանատու պարոն Կարեն Ազարյանը, ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը, կառավարման խորհրդի անդամներ Արման Պետրոսյանը, Ալին Մասրլիանը եւ Կարինե Ղուկասյանը, ովքեր նաեւ փոքր եւ միջին բիզնեսի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ հերթական անգամ ՔՊ-ն, «ԱԺ պատգամավոր» ասելով, պատկերացնում է միայն իրենց՝ իշխանական պատգամավորներին:

Հաղորդագրության կից տարածված լուսանկարից երեւում է, որ ՓՄՁ ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը ներկա են միայն հանձնաժողովի ՔՊ-ական անդամները՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Դավիթ Առուշանյանը, մինչդեռ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները հերթական անգամ ներգրավված չեն ԱԺ-ում անցկացվող հանդիպմանը:

Այսինքն՝ հերթական անգամ խորհրդարանական երկրում, որտեղ ընդդիմության ներկայացվածությունն Ազգային ժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին պարտադիր պետք է լինի, «Քաղաքացիական պայմանագիրն» անտեսում է այս պայմանը:

Նկատենք նաեւ, որ հատկապես վերջին շրջանում գործուղումների ժամանակ նույնպես ՔՊ-ն, իրենից բացի, չի տեսնում ոչ ոքի, ու միայն իշխանական պատգամավորներն են ընգրկվում պատվիրակությունների կազմում:

Ք. Մ.

 

 

ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային թեմաներ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կայացած ասուլիսում Բայրամովը կրկին դժգոհել է Հայաստանի կողմից զինամթերք ձեռք բերելու գործընթացից՝ պնդելով, թե Երեւանին դեպի այդ քայլը դրդում են երրորդ երկրները:

Միաժամանակ, նա նշել է, թե Ադրբեջանը կարծում է, որ տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ հաստատելու կայուն խաղաղություն, եւ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում։

Այդուամենայնիվ, Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խաթարվել է եւ Սսահմանադրական դատարանի դատավորին առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները չպահպանելով, այդ թվում՝ ՍԴ չէին դիմել՝ քրեական հետապնդման համաձայնություն ստանալու համար»: Այս մասին երեկ՝ օգոստոսի 28-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Բացի այդ, այս քրեական գործը հարուցվել է, եւ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել խախտումներով, մասնավորապես, օպերատիվ անանուն աղբյուրների հիման վրա, որն օրենքով արգելված է: Քրեական հետապնդումը փաստացի սկսվել է շատ ավելի շուտ, քան իրականացվել է ֆորմալ մեղադրանք առաջադրելու գործընթացը: Դրա շրջանակում այդ գործողությունները կատարվել են ոչ գլխավոր դատախազի կողմից:

Մեղադրանքում ներկայացված չեն գործողություններ. ինչն էլ որ ներկայացված է, կամ ենթադրում ենք, որ «սա» են նկատի ունեցել, դա նույնպես հաստատված է՝ հղում անելով ապացույցների վրա»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ նկատում է պրոցեսն արագացնելու միտում:

 

 




Լրահոս