Վերջին օրերին թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Ռուսաստան-Ուկրաինա ռազմական գոտում իրավիճակը թեժացել է: Նոր աշխարհաբաժանմանն ընդառաջ գերտերությունները ու հակամարտությունների կողմերը պայքար են մղում իրենց դիրքն ամրացնելու եւ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար, եւ այդ ճանապարհին քիչ չեն մարտերը, պայթյունները եւ ռմբակոծությունները:
Ի՞նչ է կատարվել Մերձավոր Արեւելքում վերջին օրերին: Այստեղ մեծամաշստաբ պատերազմի վտանգը թուլացել է, սակայն, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարության՝ Իրանը շարունակում է վտանգ ներկայացնել, քանի որ պատրաստվում է հարձակում գործել Իսրայելի ուղղությամբ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ի առավոտյան, լիբանանյան «Հըբալլահ»-ը օդային հարվածներ էր հասցրել իսրայելյան ռազմական նշանակության կետերի ուղղությամբ, ապա Իսրայելը փոխադարձ հարվածներ էր հասցրել: «Հըբալլահ»-ի ռազմական գործողություններից հետո Իսրայելում արտակարգ դրություն էր հայտարարվել: Լիբանանի վարչապետն էլ, իր հերթին, արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ էր հրավիրել:
Նույն ընթացքում Գազայում պատերազմը շարունակում է մարդկային կյանքեր խլել, միենույն ժամանակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողություններն ակտիվացել են: Ռուսաստանի Կիրովի մարզն առաջին անգամ ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման: Մարզպետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է, որ զոհեր եւ վիրավորներ չկան: Ռուսաստանի զինված ուժերն էլ իրենց հերթին վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության Կամիշեմկա բնակավայրը:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս բնակչության միասնականությունը խաթարելու համար մեծանում է տեղեկատվական ճնշումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս պահին Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, իսկ հնդկական կողմը խաղաղության քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման կողմնակցի դիրք է զբաղեցնում:
Ռազմական գործողություններին զուգահեռ Ուկրաինայի օրենսդիր մարմինը՝ Գերագույն ռադան, որոշում էր ընդունել ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը երկրում արգելելու վերաբերյալ: Որոշմանն արձագանքել էր Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապն ասել է. «Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ես վախ ունեմ աղոթողների ազատության համար. ով իրապես աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար: Աղոթքը չի կարող չար արարք գործելու պատճառ լինել, եթե ինչ-որ մեկը սեփական ժողովրդի դեմ չարություն է անում, նա մեղավոր կլինի դրանում, բայց նա աղոթելիս չարիք չի գործում: Եվ թող աղոթելու հնարավորություն ստանա նա, ով ցանկանում է աղոթել այն վայրում, որն իր եկեղեցին է համարում: Խնդրում եմ, թող ուղղակիորեն կամ անուղղակի չվերացվի ոչ մի քրիստոնեական եկեղեցի»:
Աշխարհաքաղաքական նման լարված իրավիճակում հարկ է աչալուրջ լինել սպասվող զարգացումների հանդեպ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի եւ խաղաղության վրա՝ հաշվի առնելով հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջեւ վերջին օրերին ակտիվացած շփումներն ու Իսրայելի քաղաքական մեկնաբանություններն ու պայմանավորվածությունները թուրքական գործոնի հետ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
6,3 ՄԼՆ ԴՐԱՄԻ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՐՔԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է 6 մլն 366 հազար դրամ արժողությամբ պայմանագիր։
Պայմանագրով նախատեսվում է անվտանգության ապահովման սարքեր ձեռք բերել։ Ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում՝ գնորդը կարող է հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 15 օրից ավելի:
Պայմանագրով ձեռք է բերվել 9 տեսաձայնագրիչ՝ Hikvision DS-7608NI-M2, հիշողության 2 կոշտ սկավառակ՝ ST6000VX001-520, 26 տեսախցիկ՝ Hikvision DS-2CD2T87G2HLI(4mm)(eF), 1 սերվերային պահարան՝ LNPRB-09U6060-BL-F եւ այլ տեխնիկական անհրաժեշտ իրեր։
ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է։
Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Բայրամովը, ինչպես նշել եինք, իր բողոքն է արտահայտել այն առնչությամբ, թե Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում տարբեր երկրներից՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Ադրբեջանը նույնիսկ 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո անընդհատ սպառազինություն է գնում տարբեր երկրներից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ Բայրամովի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՄԻՋԵՎ
Պուտինը եւ Ալիեւը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Պուտինն Ալիեւի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին եւ Երեւանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում։
«Կողմերը քննարկել են նաեւ ԱնդրԿովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՎՐԱ
Իրանը կարող է հարձակվել Աֆրիկայում, Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում իսրայելական դիվանագիտական հաստատությունների վրա՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս կարծիքը The New York Times-ին (NYT) է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Քենեթ Մաքքենզին։ Նրա խոսքով՝ իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ հրատարակության՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը ձգձգում է գործողությունները հրեական պետության դեմ, քանի որ սպասում է Գազայի հատվածում գործարքի շուրջ բանակցությունների ավարտին։
ԱՌՆՎԱԶՆ 58 ԶՈՀ՝ ԳԱԶԱՅՈՒՄ
Գազայի հատվածում շարունակվող մարտերի հետեւանքով վերջին 24 ժամվա ընթացքում (խմբ) առնվազն 58 մարդ է զոհվել։ Այս մասին անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ օրվա ընթացքում ավելի քան 130 պաղեստինցի վիրավորվել եւ հոսպիտալացվել է։ Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր սրման հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը, ըստ առողջապահության նախարարության տվյալների, հասել է 40 534-ի, վիրավորվել է 93 778 մարդ: Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի եւ Սիրիայի որոշ շրջաններին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Գործողությունները շարունակվում են մինչեւ օրս։