ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Դատի կենտրոնական գրասենյակը գրում է. «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորությամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատեւ հակահայկական խտրական քաղաքականությամբ։

 

Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը եւ հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։

Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» եւ «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեեւ ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության եւ ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը եւ տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաեւ ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների եւ համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:

Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ՝ շրջափակումը եւ ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ. դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների եւ ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի եւ վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման եւ կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները եւ խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։

2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկսվել է ինտենսիվ մարտերով եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի եւ տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների եւ անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը եւ այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։

Զեկույցը նաեւ ընդգծում է հայկական մշակութային եւ կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձեւով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների եւ խաչքարերի ոչնչացումը, ինչպես նաեւ հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ եւ փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է Caucasus Heritage Watch-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն եւ Եվրոպական խորհրդարանը: Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը եւ շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ՝ հակահայկական բռնության հերոսացումը եւ հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման եւ խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակը» եւ սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:

Ավելին՝ զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ՝ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը եւ հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը եւ մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է»:

 

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԷՑ-Ը ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեռ հուլիսի 6-ին «Երեւան հէկ»-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ հաճախակի հոսանքազրկումներ էր էին լինում, հատկապես՝ կենտրոնում։

 

Այս խնդրով պայմանավորված՝ ՀԷՑ-ից հայտնել էին, որ ըստ նախնական կանխատեսման, առաջացած խնդիրները կվերացվեն մինչեւ օգոստոսի 10-ը։

Չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 6-ից անցել է արդեն 1 ամիս եւ ավելի, իսկ օգոստոսի 10-ն էլ վաղուց անցել է, խնդիրը շարունակում է մնալ ակտուալ, այսինքն՝ երեւանյան շատ հասցեներ շարունակում են պարբերաբար հոսանքազրկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը զրուցել էր էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում դեռ հուլիս ամսին նշել էր, որ ամենաշատը 3 շաբաթում հնարավոր է վերականգնել ամեն բան։ Հավելենք, որ երեկ էլ պարզ դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ՀԷՑ-ի դեմ  հարուցել է վարչական վարույթ` 20 միլիոն դրամի չափով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի եւ ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ընդունվել է։

 

 

 

ԴՊՐՈՑԸ ՍԱՀՄԱՆԻՑ ՄՈՏ 40 ՄԵՏՐ Է ՀԵՌՈՒ

Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձեւավորված, սահմանից ճանապարհով եւ պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։ Վ. Բաբինյանն ասաց` աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունեն, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։ Նրան հարցրինք` Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։ 100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախեն Կիրանց գյուղի 38 աշակերտ։ Կիրանցից բարձր դասարանցիները՝ 10-12-րդ դասարանների աշակերտները, նախորդ տարիներին հաճախել են Իջեւան համայնքի Ներքին Ծաղկավան եւ Սարիգյուղ բնակավայրերի միջանակրգ դպրոցներ։

 

 

35 ԵՎ 33 ՄԻԼԻՈՆՆԵՐԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024 թ. հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ աղետի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման նպատակով բնակիչներին տրամադրել 35 միլիոն 327 հազար 700 դրամ։ Տավուշի մարզպետը նախկինում պատասխանելով մեր հարցմանը` ջրհեղեղից տուժածներին փոխհատուցելու մասին, նշել է. «Գյուղացիական տնտեսություններին, օժանդակ կառույցներին, տնտեսվարողներին, ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասի փոխատուցման եւ սոցիալական աջակցության հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում»։ Այսինքն՝ այս փուլում փոխհատուցել են միայն հեղեղված բնակարանների տերերին։ Սակայն անցած վեցուկես ամսում` որպես պարգեւավճար, պետբյուջեից մեծ գումարներ են բաժանել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ 2024 թ. հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգեւավճար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս