ՖԻԼՄԸ՝ ՎԵՆԵՏԻԿԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական եւ պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր եւ միջազգային գործընկերներ:

 

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից. լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան՝ որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։

Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի եւ ստեղծագործության միջոցով եւ հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակույթի եւ մշակութային գործիչների վրա, որն է, գուցե, միակ ճիշտ ընտրությունը թունավոր իրականության պայմաններում եւ այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունենան՝ չնայած արգելքներին եւ բռնապետություններին: Ֆիլմի պրոդյուսերն է Անի Ոսկանյանը, ռեժիսորն ու սցենարի հեղինակը Զարա Ջյանն է, իսկ պրոդյուսերը՝ Շուշանիկ Միրզախանյանը:

Զարա Ջյանը նշեց «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը անցել է Վենետիկի կինոփառատոնի կլասիկ բաժնի մրցույթային ծրագիր:

«Դա իսկապես մեծ անակնկալ էր, դեռ չենք հասկանում, չենք կարողանում այդ էմոցիաները վերապրել, որովհետեւ դրանք ընդգրկում են մեծ աշխատանք, որով հիմա զբաղվում ենք մենք՝ բոլորս: Վաղը արդեն մեկնում ենք: Նաեւ կունենանք նորություն, որի մասին կտեղեկանաք, կարծում եմ, Վենետիկից»:

Ֆիլմը հայ-ֆրանսիական արտադրության է. Մեծ Բրիտանիան եւս մեծ դեր է ունեցել ֆիլմի ստեղծման գործընթացում:

Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաեւ ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC եւ Cine+ կազմակերպությունները։

Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող եւ օրինակ: Մեծ է նաեւ այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում, Սերբիայում՝ 2023 թ. հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ. օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024 թ. փետրվարին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ եւ Երեւանում՝ 2023 թ. հուլիս-հոկտեմբեր եւ 2024 թ. փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաեւի, Լեւոն Աբրահամյանի հետ: 2024 թվականի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով՝ հատուկ ճանապարհորդություն դեպի Երեւան կատարեց նաեւ Տարսեմ Սինգխը։ Երեւանում է նկարահանվել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՓԱՌԱՏՈՆԻՆ

Չինաստանի Շանհայ, Շենժեն, Ջինյան, Անկանգ եւ Նանտոնգ քաղաքներում անցկացվել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնը, որին մասնակցել է նաեւ Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը՝ «Մատնաչափիկը» ներկայացումով:

Փառատոնին մասնակցում էին նաեւ ՌԴ-ի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իրանի թատերախմբեր:

Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Մատնաչափիկը» ներկայացումը խաղացել է Չինաստանի 5 տարբեր քաղաքների 7 տարբեր հարթակներում՝ ընդհանուր 14 ներկայացում, որը դիտել է շուրջ 5000 հանդիսատես:

Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել ներկայացումը. այն արժանացել է կազմակերպիչների բարձր գնահատականին:

 

 

ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ԴԱԼԻԻ ԳՈՐԾԵՐԸ

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ Խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։

Այդ վիմատպությունները, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն սեպտեմբերի 30-ին։

Hansons-ի փոխտնօրեն Քրիս Քերքեմը հայտնել է, որ այդ գործերը պատահաբար է հայտնաբերել իր հաճախորդներից մեկի տուն այցելության ժամանակ:

«Երբեք չգիտես, թե ինչ կհայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպությունների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպեսզի շրջանակներում դնի Բերքլի Սքվերի իր տանը, բայց գործն այդպես էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները հայտնվել են նրա ավտոտնակում։ Դրանք կրկին հայտնաբերվել են, երբ նա հիմնավոր մաքրություն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել եւ տեղափոխվել արտասահման, այնպես որ, նրա վիմատպությունները վերջապես կհայտնվեն աճուրդում», – նշել է Քերքեմը։

 

 

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ Է ԿԳՄՍՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգեւը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել է ծննդյան 50-ամյակը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դարպասապահին հոբելյանի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին նվիրած տարիների, գործադրած ջանքերի եւ նվիրումի համար:

«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկն ու Ձեր հուսալի խաղով բազմիցս նպաստել եք մեր հաղթանակների կայացմանը: Ֆուտբոլասերների կողմից արժանիորեն վայելել եք մեծ սեր, ու այդպես կլինի միշտ»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ դիմելով Ռոման Բերեզովսկուն:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար եւ ընդգծել՝ միշտ հպարտությամբ է կրել Ազգային թիմի մարզաշապիկն ու պաշտպանել մեր երկրի պատիվը, այժմ էլ հայկական ֆուտբոլին իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է՝ որպես Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ:

 

 

ՓԼԵՅ-ՕՖՖ ՓՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Երեւանի «Փյունիկը» մեկնել է Սլովենիա, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Ցելյեի» դեմ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնների խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին։ Առաջին խաղում երեւանյան ակումբը տնային հաղթանակ է տարել նվազագույն 1-0 հաշվով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Մինսկի «Դինամոյին» (0-0, 0-1) եւ պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման նախորդ երկու փուլերում Հայաստանի 16-ակի չեմպիոնը հաղթել է հյուսիսմակեդոնական «Ստրուգային» (1-2, 3-1) ու Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» (1-0, 1-0):

 

 

 




Լրահոս