Խաղաղության պայմանագրի ստորագրումից, մինչև Ռուբեն Վարդանյանի քաղաքացիություն․ ինչի մասին խոսեց Փաշինյանն ասուլիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին՝ ամռան վերջին օրը, ժամը 12։30-ին 30 րոպե ուշացումով մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ուշագրավ փաստեր և արտայահտություններ է արել Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին ի պատասխան։

Այսպիսով,

1․Ադրբեջանի հետ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով. չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։

2․ Երբ որ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որեւէ այլ ձեւաչափ, կարծում եմ, որ դա կարող է ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ այդպիսի շփումների։

3․Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցության մասով։

4․Մեր ռուս գործընկերները գերիների հարցը շրջանցում են։

5․Ես կուզենամ մեր ուշադրությունը հրավիրել այն, ըստ էության, նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել եւ օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը: Դրա էությունը հետեւյալն է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ նախաբանը: Եւս երեք հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից եւ դրանց մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: (Փաշինյանը չի նշել, թե խաղաղության պայմանագրի որ 13 հոդվածներն են համաձայնեցված։)

6․Եթե Երեւանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից Երեւանը այդ մասին կհայտարարի:

7․ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, եւ այս փուլում դա համարում ենք բավարար։

8․Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։

9․ Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք:

ArmLur.am-ը արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մեկնարկեց 30 րոպե ուշացումով և տևեց ընդամենը երկու ժամ:

Ասուլիսի ընթացքում նրան հարց ուղղած լրագրողների թիվը չէր գերազանցում 20-ը:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ ասուլիսն այսքան կարճ է տեւում:

Վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ իր ասուլիսին Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի՝ Հայաստանն արդյո՞ք մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, թե՝ ոչ:

Այս հարցը, սակայն, այդպես էլ պատասխան չունեցավ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այս մասով դեռ որոշում չունի:

Էմմա Միքայելյան




Լրահոս