Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրեսի» հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց – Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության՝ հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։

Պատասխան – Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։

Հարց – Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։

Պատասխան – Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հարց – Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։

Հարց – Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024 թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։

Պատասխան – Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:

Հարց – Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:

Հարց – Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքո՞վ է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում։

Հարց – Որքա՞ն ժամանակ կարող է տևել վավերացման գործընթացը:

Պատասխան – Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:




Լրահոս