ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձաններից որոնք են համարվում հրատապ վերանորոգման կարիք ունեցող (կխնդրեի տրամադրել առաջին 3-ի ցանկը), եւ կոնկրետ ինչ է արվում այդ ուղղությամբ:  

Մելինե Գրիգորյան, 28 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հրատապ վերականգնման կարիք ունեցող օբյեկտների ցանկում ընդգրկված են հիմնականում հետեւյալ պատմամշակութային հուշարձանները`
ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանք (Սուրբ Նշան եկեղեցու եւ գավիթի վերականգնում),
ՀՀ Արագածոտնի մարզի Ավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի (նախագիծ, մասնակի վերականգնում, ամրակայում),
ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիր (զանգակատան-տապանատան վերականգնում),
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձորի բերդ (մասնակի վերականգնում, ամրակայում, բարեկարգում),
ՀՀ Լոռու մարզի Սանահին համայնքի Սանահինի վանք (նախագծում, տանիքների վերականգնում),
ՀՀ Կոտայքի մարզի Բուժական համայնքի Թեղենյաց վանք (գավիթի, Կաթողիկե եկեղեցու, գրատան-գրչատան վերականգնում, ամրակայում),
ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի Ցախաց քարի վանք (ամրակայման, բարեկարգման աշխատանքներ),
ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Քարկոփի վանք (վերականգնում),
ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի Գոշավանք, Մ.Գոշի դամբարան (վերականգնում):

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Արեւ Սամուելյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք,  ցանկն անսպառ է թվում: Վերհիշելով հայրենի բնաշխարհում գտնվող պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերն ու անունները, անկեղծ ասած, դժվար է դառնում առաջնայիններն ու երկրորդականներն իրարից տարբերելը: ՀՀ մշակույթի նախարարությունը հավանաբար ցանկը կազմել է` ելնելով տվյալ պատմամշակութային հուշարձանի մաշվածության եւ քանդվածության աստիճանից: Այսուհանդերձ, անկասկած է, որ ցանկը լիարժեք չէ: Սակայն եթե գոնե  ներկայացված ցանկում առկա բոլոր շինությունները պատշաճ կերպով վերականգնվեն, արդեն իսկ զգալի քայլ կլինի մեր  մշակութային ժառանգության պահպանության գործում: Հուսով ենք նաեւ,  որ  այս նպատակի համար հատկացվող  բյուջետային միջոցներն ու նվիրատվությունները կաճեն:




Լրահոս