Ինչու՞ է Երեւանը ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո վերածվում «լճի». ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հորդառատ անձրեւը կրկին հեղեղել էր Երեւանի Կենտրոնի եւ վարչական մյուս շրջանների փողոցներն ու բակերը:

Տպավորություն է, որ Երեւանում, առհասարակ, ջրահեռացման համակարգ չի գործում ու ամեն անգամ հորդառատ անձրեւներից հետո քաղաքը վերածվում է մի մեծ «լճի», որտեղ կարող ես միայն նավակով տեղաշարժվել:

Քաղաքացիները եւս երեկ իրենց սոցէջերում տեսանյութեր էին հրապարակում հեղեղից ու դժգոհում, որ անձրեւի դեպքում անգամ մեքենայով չեն կարողանում տեղաշարժվել:

Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին,

«Դեռևս 2016 թվականին ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի միայն այս տարվա ծրագրով կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված: Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մյուս հասցեները: Հավելեմ, որ երեկվանից մինչ այս պահը քաղաքապետարանի և վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները, «Վեոլիա ջրի» և Փրկարար ծառայության հետ համատեց մաքրման աշխատանքներ են կատարում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս