«Նոան» կխաղա «Չելսիի» հետ. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով Երևանի «Նոան» իմացավ մրցակիցներին ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Հայաստանի փոխչեմպիոնը կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», ավստրիական «Ռապիդին» և սերբական «Բաչկա Տոպոլային», իսկ տանը կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» և իսլանդական «Վիկինգուրի» հետ։

Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա:

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման առաջին փուլից և հաղթել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսին» (7-0, 0-0), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին (3-1, 0-1) ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին» (3-0, 1-3)։ Մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին։




Լրահոս