Արցախ տեղափոխվելը նրա գիտակցված որոշումն է եղել, համոզված էր՝ դժվարին իրավիճակում պետք է լինել արցախցիների կողքին․ Ռուբեն Վարդանյանի ընկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հատկապես 2020թ. պատերազմից հետո, տեսնելով թե որքան վտանգված է Արցախի ապագան, Ռուբեն Վարդանյանի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ կարեւորագույն առաջնահերթություն։ Եվ նա համարում էր, որ այդ հարցը պիտի առաջնային դառնա ողջ հայության համար: Ռուբենը միշտ հանդես է եկել Արցախի ժողովրդի շահերից և իր կողմից փորձել է հնարավոր ու անգամ անհնարին ամեն բան անել, որպեսզի արցախցիները շարունակեն խաղաղ ապրել իրենց բնօրրանում: Մինչև Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելը ես անձամբ նրա հետ մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որոնց որպես հետևանք՝ Արցախ տեղափոխվելու որոշումն ավելի ամրապնդվեց նրա մոտ: Արցախ տեղափոխվելը նրա անձնական ու գիտակցված որոշումն է եղել, քանի որ նա համոզված էր, որ այդ դժվարին իրավիճակում պետք է լինել արցախահայության կողքին»,- անդրադառնալով վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի մասին հնչեցրած մտքերին՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանը, ով նաև շատ լավ ճանաչում է Ռուբեն Վարդանյանին:

«Ինձ համար Հայաստանի վարչապետի դիրքորոշումն առնվազն անհասկանալի է Ռուբեն Վարդանյանի՝ այսինքն, մի անձի նկատմամբ, ով հսկայական բան է արել Հայաստանի համար՝ ներդնելով հսկայական միջոցներ, իրականացնելով նշանակալից կրթական ու ենթակառուցվածքային ծրագրեր և նախագծեր, որոնք Հայաստանն ու հայ ժողովրդին հայտնի են դարձրել ողջ աշխարհով մեկ:

Ռուբեն Վարդանյանը, լինելով ՀՀ քաղաքացի, ներկայումս ապօրինի գտնվում է Բաքվի բանտում: Եվ եթե որևէ երկրի քաղաքացի հայտնվում է մեկ այլ երկրի բանտում, այն էլ՝ ապօրինի, ու պահվում միջազգային իրավունքի բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, տվյալ երկրի առաջնահերթ խնդիրը դառնում է իր քաղաքացուն ազատ արձակելը, ոչ թե տարատեսակ պատճառաբանություններ փնտրելը, թե ինչու դրանով չի զբաղվում»,-նկատեց Վահան Զանոյանը:




Լրահոս