Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2024 թվականի 1-ին կիսամյակի հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 367 վարույթ, որոնց համար հիմք են հանդիսացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Օրենսգրքի 189.13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտումները։
Նշված հոդվածներով գործերիքննության արդյունքում Հանձնաժողովը կիրառել է 30 տույժ համաձայն «Հանրային ծառայության մատին» օրենքով սահմանված հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նույն օրենքով նախատեսված հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու։
Թվով 11 տույժ կիրառվել է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիման վրա, իսկ թվով 1-ը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու հատկանիշով։
Հաշվետու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հայտարարագրերը չներկայացնելու խախտումների կապակցությամբ իրականացված վարույթների արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 98 գործեր կարճվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին կոնկրետ վարույթներ։
Հարկ է նշել, որ կարճված վարույթների մեծամասնությունը հենց իշխանության տարբեր օղակներում գտնվող անձանց հայտարարագրերի վերաբերյալ էր։ ArmLur.am-ը բազմիցս գրել է հայտարարագրերի լրացման ակնհայտ խախտման դեպքեր, որոնք Հանձնաժողովի կողմից կարճվել են։
Բաց այդ, հարկ է նշել, որ Ազգային Ժողովը գրեթե մեկ տարի է չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար իր սրտի անդամին գտնել և ընտրել։
Էմմա Միքայելյան