Խորհուրդներ՝ ուղղված Ալիևի խորհրդականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ռազմաքաղաքական, մարտավարական և ռազմավարական հաշվարկներում շահում է այն կողմը, որը իր հաշվարկները կատարելիս ու նախագծելիս «հագնում է հակառակորդի շապիկը», այսինքն երևույթներին նայում է հակառակորդի «պատուհանից»… Համոզված եմ, որ երկար ժամանակ մեր հետ մրցակցելիս վերջը սովորեցիք շախմատ խաղալ և բարդ չի լինի հետևել Ադրբեջանի գլխին գալիք իմ կատարած հաշվարկները, որը ոչ մի լավ բանի մասին չի խոսում ձեր երկրի ապագայի մասին, եթե իհարկե չանեք հետևություններ…

Եվ այսպես… Մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողով, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարեց, որ որոշվել է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և նվազեցնել ռուսական էներգիայի ռեսուրսներից կախումը, իսկ գազի ստացման այլընտրանք երկիր է ընտրվել Ադրբեջանը:

Ինչպես ասում են `  հասաք տեղ… իջեք երկնքից տղեք…

Եթե էներգակիր պաշարներ ունեցող որևէ երկրի ղեկավարի խորհրդականի թվում է, թե ծավալապաշտական Ռուսաստանը «ծալված ձեռքերով» նայելու է, թե ոնց են իրեն զրկելու հիմնական ֆինանսական միջոցներից, ապա թող չշարունակեն կարդալ խորհուրդներս…

Փորձեմ վերլուծությունս կառուցել այնպես, որ ադրբեջանական պալատական խորհրդականները լավ պատկերացնեն սպասվելիք իրավիճակը ու շեֆին հասկացնեն գլխին գալիքը…

Հիմա պատկերացնենք այն տարբերակը, թե երբ Բարոզոյի ասածը սկսվի իրականացվել` Եվրոպան սկսի ուկրաինական սիլի-բիլի խաղալ այժմ էլ Ադրբեջանի հետ, ապա դեպքերի նման զարգացման պարագայում, Ռուսաստանի կողմից հրահրված, նոր վտանգների դեմ հանդիման է մնալու ալիևյան բռնապետությունը…

ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ ԱՌԱՋԻՆ.

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԷԹՆԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Սրվելու են ազգամիջյան հարաբերությունները ընդդեմ Ադրբեջանի բռնապետության այսօր արդեն պայքարի ելած լեզգինների, թալիշների, թաթերի և այլ ազգերի ներկայացուցիչների կողմից, որոնց նախորդ դարում դարձրել են Ստալինի ստեղծած արհեստածին «ադրբեջանցի ազգի» ներկայացուցիչ և հաշվի չեն առել նույնիսկ նրանց դարավոր պատմությունները… Եվ այստեղ է, որ չի բացառվում ` նրանք իրենց ազգային անվտանգության խնդիրները վերջնականպես լուծելու համար օգնություն խնդրեն Ռուսաստանից իր կազմի մեջ ներառնելու ակնկալիքով, մանավանդ այն շրջանների ազգային փոքրամասնությունները, որոնց տարածքով անցնում են էներգակիր կոմունիկացիաները…

Մնացած զարգացումները վերլուծելը համարում եմ անիմաստ, քանի որ այդքան էլ վատ կարծիքի չեմ ձեր մասին…

Նման զարգացումներից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված է մեղմել 100-ամյա բացասական կուտակումները ազգային միավորների մոտ, իսկ դրա համար ի՞նչ պետք է անի երիտասարդ Ալիևը… Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, իսկ մնացած ազգերին էլ տա ավտոնոմ կարգավիճակ, իսկ Ադրբեջանն էլ դառնա Դաշնային Հանրապետություն…

ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ ԵՐԿՐՈՐԴ.

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ, ՆԵՐՔԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԷԹՆԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՀՐՈՒՄ

Ցավոք, այստեղ մեծ դերակատարություն կհատկացվի ջավախահայությանը, որոնց ճնշող մեծամասնությունը սերտ կապերի մեջ է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական վերնախավի հետ, իսկ եվրոպա-ադրբեջանական փոխկապակցող ուղին անցնում է մեր հայրենակիցների տիրապետության տակ գտնվող տարածքներով, հետևաբար մի կասկածեք, որ երբ պուտինյան քաղաքականությունը իր ծրագրերի մեջ ներառեց ջավախահայության «ակտիվացումը», ապա վստահ եղեք, որ դա հաշված ժամերի հարց է…

Նշվածին եթե ավելացնեք Վրաստանում առկա Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման ոչ քչաթիվ քաղաքական գործիչների ելույթները` հիմնվելով նույն ռուսական ծավալապաշտական վտանգը չեզոքացնելուն ուղղված, ապա պատկերը կամբողջանա…

Այս տարբերակում էլ ստացվում է, որ Ադրբեջանը վերջնականապես կտրվում է Եվրոպայի հետ ուղիղ առևտրական խոշորամասշտաբ հարաբերություննրից և շրջափակված լինելով մեծ վառելիքի պաշարներ ունեցող լուրջ մրցակից երկրներով ` Իրան, Թուրքմենիա, Ռուսաստան և Ղազախստան, ստիպված պետք է այլ ուղիներ փնտրի դեպի միջազգային շուկա…

Եվ այս դեպքում կամ խնդրում եք Ռուսաստանին միասին արտահանել էներգակիրները կամ Հայաստանը դառնում է միակ լուրջ գործընկերը ադրբեջանական էներգակիրները իր տարածքով թուրքական գործող էներգետիկ կոմունիկացիաներին միացնելու համար, բայց դրա համար ի՞նչ է պետք անի երիտասարդ ալիևը… Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, քանի որ հենց նրա տարածքով էլ անցնելու է գազատարն ու նավթատարը և շտապ նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ` փոխհատուցի հասցված վնասները և դառնա գործընկեր` շախ և մատ անելով իր բոլոր էներգետիկ հակառակորդներին…

ԴԵՊՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐ ԵՐՐՈՐԴ.

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ինչ է սպասվում այս պարագայում: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է, ստիպված Ռուսաստանի միանալու հանրաքվե է կազմակերպում և անցած ընտրությունների նման առանձնակի ջանք չի թափում այն կեղծելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիների մոտ կառաջանա ֆիզիկական գոյության պահպանման բնական պահանջ և ժողովրդի մեծ մասը Ղրիմի սցենարով առաջնորդվելով կողմ կքվեարկի, իսկ ռուսական զորքերի ինտերվենցիայի կարիք էլ գոյություն չունի, քանի որ նրանք սովետի վերանալուց հետո էլ չեն գնացել Հայաստանից ` տեղում են… Ու այդ ժամ Ադրբեջանը ստիպված պետք է պատերազմական գործողությունների մեջ մտնի Ռուսաստանի դեմ… Դե իսկ Արցախի միացումը Ռուսատանին, տեխնիկայի հարց է, քանի որ Գյուլիստանի պայմանագրով մինչ օրս էլ ռուսական տարածք է, եթե չեք հավատում, ապա մեր թիվ մեկ ծերուկ-ճանապարհորդից հարցրեք….

Հիմա ի՞նչ սա ե՞ք ուզում… Եթե այո՞, ապա չկասկածեք, որ մեծ վտանգի դեպքում հայերը ստիպված գնալու են անկախության կորստին, բայց պահպանելու են ազգը, Հայաստանը ու Արցախը ` թեկուզ Ռուսաստանի կազմում և հետագայում չկասկածեք, որ ռուսական պառլամենտում արդեն դրվելու է  Արցախի հարցը… Իսկ թե այդ ժամ ինչ կորոշի ՌԴ Դուման ` սկսնակ լրագրողին էլ է պարզ…

Դե եթե չեք ուզում պատերազմել Ռուսաստանի հետ և կորցնել ոչ միայն Արցախը այլև ամբողջ Ադրբեջանը, ապա ի՞նչ է պետք անի երիտասարդ ալիևը… Այո… այո… շտապ ճանաչի Արցախը անկախ պետություն, քանի որ հենց Արցախի տարածքով էլ անցնելու է գազատարն ու նավթատարն, և շտապ նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ` փոխհատուցի հասցված վնասները և դառնա գործընկեր` շախ և մատ անելով իր բոլոր էներգետիկ վաղեմի հակառակորդներին…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Դեպքերի զարգացման ցանկացած սցենարի պարագայում Ադրբեջանի գոյության գրավականի միակ ճանապարհը Հայաստանի ու Արցախի հետ պատերազման գործողություններից խաղաղ գոյակցության շտապ անցումն է…

Թե չէ պետական մակարդակով անընդհատ հակահայ քարոզչություն անելով, հաթաթա տալով, զորքերը հայկական սահմանին բերելով ու հետ տանելով,  անլուրջ հակառակորդի տպավորություն եք գործում, ճիշտ ու ճիշտ նեղացած հարսի նման, որ անընդհատ սպառնում է կգնամ հերանց, բայց տենց էլ չի գնում…

Տո հլը ձեր վիճակը հեչ, բա պատկերացնում եք Հայաստանը Ռուսաստանի կազմում չեղյալ հայտարարի Կարսի ու Մոսկվայի տխրահռչակ պայմանագրերը… Կարճ ասած ձեր «մենձ» եղբորն էլ խելքի բերեք, որ չշարունակի իր տուֆտա քաղաքական քայլերը…

Հ.Գ. Ալիևյան խորհրդատուներ, տեղյակ ե՞ք, թե ինչո՞ւ է Ռուսաստանը այս խառը ժամանակներում զինավարժություններ անցկացնում Դաղստանում և Կասպից ծովում… Մի բան իմանաք, նույն վարչապետկան-հնչակյան-հայնյուզական բաշիբոզուկների խողովակով տեղյակ պահեք…

Հարություն Առաքելյան




Լրահոս