Տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։

Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։

Տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար ՊԵԿ-ը մշակել է My tax բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար և ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով։

Հավելվածը բավականին պարզ է և հեշտ կիրառելի: iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածն արդեն հասանելի է Apple App Store-ում՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 ,իսկ Android-ի համար հավելվածը գտնվում է հաստատման փուլում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն, ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։




Լրահոս