
Թուրքիան պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որն անց է կացվելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ամռան սկզբին ասել էր, որ Անկարան կցանկանար միանալ ասոցիացիային։
Ավելի վաղ BRICS-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։
Կազմակերպությունը կոչվում է BRICS՝ հիմնադիր երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անգլերեն սկզբնատառերով։ Ներկայումս կազմակերպությունը ներառում է 9 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։