Իշխանությունների համար սովորական է դարձել ծնողների անունով գնումներ անելը. հերթը Արմեն Փամբուխչյանի թոշակառու հորն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հողերի սեփականաշնորհմամբ հայտնի դարձած իշխանությունների կասկածելի կամ կոռուպցիոն օղակը այս անգամ համալրում է Երևանի փոխքաղաքապետի հայրը։

Հիշենք Գնել Սանոսյանի թոշակառու մոր 230 հազար դոլար արժողոթյամբ բնակարանը, որի շուրջ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ոչ մի եզրակացության չի եկել, և անցնենք Արմեն Փամբուխչյանի թոշակառու հորը։

Civilnet-ը բացահայտել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։

Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել՝ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիա: Ի պատասխան՝ փոխքաղաքապետը ասաց հետևյալը. «ՀՀ օրենսդրությամբ և բանկերի կանոնադրությամբ սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր կարող են օգտվել այս կամ այն վարկատեսակից, և եթե իմ հորը նման վարկ է տրամադրվել, ապա վերջինս համապատասխանել է վարկառուների համար սահմանված չափորոշիչներին, իսկ վարկային միջոցները որպես կոռուպցիա դիտարկելը, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաև անհեթեթություն է»:

Փոխքաղաքապետ Փամբուխչյանից հետաքրքրվեցինք նաև՝ կարո՞ղ է օրինակ բերել նմանատիպ այլ թոշակառուի, ճանաչո՞ւմ է արդյոք որևէ թոշակառու անձի, որ նման գործարքներ է իրականացնում: Այս հարցին ի պատասխան՝ փոխքաղաքապետը խորհուրդ է տվել տեղեկություն ստանալ Ֆինանսների նախարարությունից և ֆինանսական կազմակերպություններից:

«Միգուցե ձեզ հետ կիսվեն իրենց ունեցած տեղեկություններով», – լավատեսություն հայտնեց ՔՊ վարչության անդամը:

Իշխանությունների համար, կարծես, սովորական է դարձել ծնողների անունով գնումներ անել, գույք ձեռք բերել, հետո ասել, որ «դա հայրս է՝ ոչ ես»։

Սա էլ Նիկոլ Փաշինյանի սիրելի պոզով-պոչով կոռուպցիան, որ, հերիք չի արմատավորվել է հողում, հիմա էլ ներարկվել է իշխանության երակներում։ Նախկին մերժելի բարքերի զզվելի նույնականացում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս