ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար. որքան վարկ ունի Հայաստանը
ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 9.5%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.0%-ով: Կառավարության պարտքը նույն միտումներն է ունեցել. դոլարային արտահայտությամբ աճել է 10.3%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.8%-ով:
Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության առաջին տարիներին պետական պարտքի չափը նվազեցնելու մասին վանկարկող իշխանություններն այնքան են խախտել պետբյուջեի ֆինանսական ելքերն ու մուտքերը, որ հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը։
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից պահանջել էր տրամադրել, թե 2018 թվականից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 8-ը.
- քանի՞ վարկ է ձեւակերպվել Հայաստանի Հանրապետության անունից
- նշված վարկերը միասին որքա՞ն (դրամ) են կազմում
- ներկայացված վարկերը ո՞ր երկրներից եւ ո՞ր բանկերից են վերցված. բոլոր վարկերի վերաբերյալ ներկայացրե’ք տեղեկությունը` հատ առ հատ։
- առանձին-առանձին ներկայացրեք նաեւ, թե ո՞ր վարկը քանի՞ տարով է ձեւակերպված։
«Հատ» բառը շեշտված չէ պատահաբար, այն հարցմանն առավել հստակ պատասխան ստանալու համար է։
Ինչեւէ, ինչպես ակնկալում էինք՝ պատկերը, մեղմ ասած, վախեցնող էր։
Նախ, որպես փաստ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ձեւակերպված վարկերի մարման ժամկետը 25 տարի է՝ գրեթե մինչեւ 2050 թվականը, ավելի կոնկրետ՝ ժամկետները ձգվում են Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության ավարտը։
Սա ոչ թե պատահականություն է, այլ հենց մտածված ռազմավարություն։
Այսպիսով, Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 25,15 եւ 19 տարի ժամկետներով 13 վարկ ունի։
1 վարկը սկսվում է 7 մլն 400 հազար եվրոյից մինչեւ 236 մլն եվրո՝ գրեթե 101 միլիարդ դրամ։
Վարկային նպատակները տարբեր են՝ Երեւանի ավտոբուսների ծրագրից մինչեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցում։
Հետաքրքիրն այն է, որ վերցված վարկի բեռը շոշափելի է, սակայն ծրագրերի զգալի արդյունքը չի երեւում. պետական պարտքը հատել է թույլատրելիի շեմը, բյուջեի պակասուրդը հատել է 288 միլիարդը, իսկ իշխանությունը կարծում է, որ բյուջեի դեֆիցիտը լրացնելու եւ պետական պարտքը մարելու համար հույսը պետք է դնել հարկատու քաղաքացու վրա՝ փորձելով հարկերն ավելացնել, տաքսիստներից 20-40 դրամ գանձել եւ այլն. իրենց ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, պետբյուջեի հաշվին որեւէ կերպ չի տնտեսվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի մեկին այցելելու է Կիրանց գյուղ: Կիրանցի բնակիչները մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գյուղի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը, որը Փաշինյանի իշխանության օրոք դարձել է սահմանամերձ եւ թշնամու կողմից մոտ դիտարկելի: Գյուղի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, որոնց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում, քանի որ ծնողները խիստ մտահոգ են. դպրոցը նոր գծված սահմանից ընդամենը 40-50 մետր հեռավորության վրա է ու ադրբեջանցի սահմանապահների թիրախում: Փաշինյանը, սակայն, գնալու է իր քաղաքական դիվիդենտները շահելու, թե դպրոցի բացման է մասնակցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, բնակիչներից ներողություն խնդրելով՝ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն. «Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար, բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չգտնեն երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»: Հիշեցնենք նաեւ, որ նույն դպրոցի մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում խոսելով՝ Փաշինյանը հայտարարել էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծառ կտնկեն դպրոցի տարածքում:
Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել: Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել: Նիստին ներկա է եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տեւել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսեւորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ եւ, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային շինարարության աճով, սակայն հատկանշական է, որ սկսել են աճել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Այսինքն՝ հիփոթեքային վարկերը դարձել են շինարարությունն առաջ մղող խթան. մարդկանց վճարած գումարով մի ամբողջ շենք է կառուցվում։ Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում եւ դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաեւ գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։ Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։ Այսինքն՝ առաջարկ կա՝ գինը ցածր է, պահանջարկ կա՝ բարձրանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, բնակարանների վաճառքը քչանա, սակայն սանդղակը գուցե կրկին բարձրանա՝ մարզերում մեկնարկելուց հետո։