ՏԵՍԱԽՑԻԿՈՎ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՆՎԱԶԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ, մասնավորապես քննարկելով ներքին գործերի նախարարության նոր առաջարկը՝ 100 քմ մակերեսով մանրածախ օբյեկտների, վառելիքի վաճառքի կետերի և հանրային սննդի՝ ավելի քան 50 քմ տարածքով օբյեկտների, բանկերի, գրավատների, դեղատների, սրճարանների, ռեստորանների մուտքի ու շինության մյուս կողմերում տեսախցիկներ տեղադրելու և դա օրենքով պարտադիր դարձնելու վերաբերյալ:

 

-Պարո՛ն Մարտիրոսյան, կառավարությունը նոր նախագիծ է հեղինակել, որն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Առաջարկվում էր 100 քմ-ից մեծ մակերես ունեցող առեւտրի օբյեկտները եւ 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները եւ հանրային այլ վայրեր տեսախցիկով, ամենօրյա ռեժիմով հսկելու օրինագիծ: Նախագծի հեղինակներն են մասնավորապես ՆԳՆ-ն եւ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Դուք եւս անդրադարձել էիք այս հարցին եւ քննադատել՝ նշելով, որ սրանով ե՛ւ բիզնեսն է Հայաստանում վտանգի ենթարկվելու, ե՛ւ ոստիկանությանը անհարկի հնարավորություն է տրվելու քաղաքացիների վերաբերյալ խիստ անձնական տվյալների հասանելիություն ստանալ: Ի՞նչ կասեք այժմ:

-Կսկսեմ անտվանգային հարցից. նախ,  44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական եւ ադրբեջանական տարբեր ցանցահեններ կոտրել էին բազմաթիվ տեսախցիկներ եւ այդ ողջ տեղեկությունը տեղադրել էին համացանցում: Արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Հայաստանի ոստիկանությունը այնպիսի համակարգ կստեղծի, որ նմանատիպ գործողություններ այլեւս չեն կրկնվի: Յուրաքանչյուր գործարար ունա՞կ է այդ համակարգը տեղադրելու եւ սպասարկելու այնպես, որ հակառակորդը դրան հասանելիություն չունենա, եւ արդյոք Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը ավելի զարգացած չե՞ն լինելու այս բնագավառում, քան Հայաստանը: Ո՞վ կարող է երաշխավորել, որ յուրաքանչյուր 50 քմ տարածք ունեցող հայաստանցի ավելի ունակ է լինելու պաշտպանելու: Հետո, ինչո՞ւ պետք է որեւէ քաղաքացու սրճարան կամ հյուրանոց գնալը, խանութ մտնելը եւ այնտեղից որեւէ ապրանքով դուրս գալը որեւէ ոստիկան իմանա: Ինչո՞ւ պետք է ոստիկանն իմանա, որ քաղաքացին մտնում է բանկ եւ այնտեղից գումար կանխիկացրած դուրս գալիս: Ոստիկանության վերաբերյալ, թե՛ խորհրդային, թե՛ անկախ շրջանի մեր պատմությունը մատնացույց է անում, որ  խարդախություններում, գողություններում ամենաշատը հենց ոստիկաններն են ներգրավված:

-Այսինքն՝ այստեղ մարդկանց իրավունքի, անձնական տարածքի խախտում կա նաեւ:

-Իհարկե կա, եւ աբսուրդային է, որ իբրեւ այդ օրենքի կիրառման օրինակ՝ ներկայացնում են, թե Լոնդոնում որքան լավ է գործում այն: Հաշվի չեն առնում՝ Լոնդոնում բողոքականներ են, երբ Հայաստանում կրոնը կփոխեն բողոքականության, երբ կանցնի 25-30 տարի եւ հայաստանցիները կունենան այնպիսի վարքագիծ, ինչպիսին պրոտեստանտները, որն էլ նշանակում է՝ շատ բարձր պետք է լինի ՀՆԱ միջին ցուցանիշը, աշխատանքի արդյունավետությունը, կենսամակարդակը, երբ հայաստանցիները գիտությամբ կզբաղվեն, կնվաճեն տիեզերքը, այդ ժամանակ, իհարկե, թող ընդունեն օրենքը: Նրանք, սակայն, բերում են կայացած  պետության ու ժողովրդի վարքագիծ եւ ասում՝ ոստիկանները պետք է վերահսկեն քաղաքացիներին: Ինչպե՞ս են կարողանում համեմատվել Լոնդոնի հետ. Մեծ Բրիտանիայի օրենքում սեւով սպիտակի վրա գրված է. «Քաղաքացի՛, ես քեզ սիրում եմ», մինչդեռ այստեղ ոստիկանները քաղաքացիների հետ վարվելու կաննոներին տիրապետել չեն ուզում, եթե անգամ որեւէ պատահականությամբ քաղաքացին հայտնվի ոստիկանական բաժանմունքում, նրան վերաբերվում են ինչպես գողի եւ հանցագործի: Ինչպե՞ս է քաղաքացիների հետ խոսում պարեկային աշխատակիցը. թեպետ հույս ունեինք, որ նոր պարեկների ներդրման համակարգը որեւէ դրական փոփոխության կբերի, բայց, միեւնույնն է, տեսնում ենք նրանց կողմից անարգանք քաղաքացիների նկատմամբ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը խիստ վտանգավոր են, քանի որ դրանք հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ-ում կարծում են, որ եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք այս պահին չկա, եւ դա չեն հերքում նաեւ Հայաստանում:

«Պայմանավորվածություններն ընդգրկում են Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման բոլոր առանցքային ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանների դելիմիտացիան, սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են, կարող են կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել երկկողմ հարաբերությունների շարունակական չկարգավորված լինելու պայմաններում», -նշել է դիվանագետը։

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու մտադրությունը։

«Ի դեպ, մենք ավելի վաղ նշել էինք, որ հայ-ադրբեջանական կարգավորումը առարկայական քննարկվել է օգոստոսի 18-19-ին Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում: Դրան անդրադարձ է կատարվել նաեւ օգոստոսի 23-ին՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում: Ի դեպ, Երեւանի իշխանություններից, պաշտոնական իշխանություններից կարող եք ճշտել՝ այս բանակցությունների ընթացքում հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրե՞լ է, որ եռակողմ համաձայնագրերն այլեւս վավերական չեն համարում։ Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու իրենց հանձնառությունը։

Ռուսաստանի նախագահն իր հերթին ընդգծել է մեր կողմի պատրաստակամությունը, որ այսուհետ եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել գործընկերներին կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով՝ 2020-2022 թթ.-ին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածության հիման վրա»,- ասել է նա։

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները:

 

 

 

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ

Ադրբեջանը եւ Ուզբեկստանը շարունակում են խորացնել դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը:

Երկկողմ հարաբերությունների դաշնակցային մակարդակի բարձրացման պատճառը այն է, որ Ուզբեկստանն արցախյան հարցում Ադրբեջանին բացահայտ աջակցություն է ցուցաբերել եւ ցուցաբերում։

Ուզբեկստանն Արցախում հադես է գալիս ներդրումային ծրագրերով՝ 2021-ին Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել՝ 960 աշակերտի համար։

Ինչպես նաեւ հայտարարվել է, որ Ստեփանակերտում կկառուցվի տեքստիլ գործարան եւ աշխատանքով կապահովվի 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդրումը։

 

 

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

Հանդիպում է տեղի ունեցել Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ. քննարկվել է Արցախի հարցը։

ԱՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ Արցախի Հանրապետության  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Հանձնախմբի ընդհանուր կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները եւ կարեւորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտությունը:

Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարեզում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ այլ կառույցների հետ համագործակցության, մարդու իրավունքների եւ Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկա հանդիպումների եւ միջոցառումների մասին:

Արցախի Խորհրդարանի պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել եւ առաջարկներ ներկայացրել հանձնախմբի առաջիկա գործունեության կապակցությամբ:

 

 

 




Լրահոս