ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ՝ 2025 թ. սեպտեմբերի 20-ին կայանալու է կուսակցության հերթական համաժողովը։
Իսկ ի՞նչ է սպասվում կուսակցության համաժողովին։
ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության հերթական համաժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ՝ վարչության որոշմամբ սահմանված ժամկետում եւ օրակարգով: ՔՊ վերջին համաժողովը տեղի էր ունեցել 2022 թ. հոկտեմբերին։
Համաժողովը նախագահում է վարչության կողմից որոշված վարչության անդամը:
Կուսակցության համաժողովին կարող են մասնակցել կուսակցության բոլոր անդամները, ինչպես նաեւ նրա անդամներից ընտրված պատվիրակները։ Համաժողովին մասնակցության կարգը վարչության առաջարկով սահմանում է համաժողովը:
Մասնակցիների առաջարկությամբ համաժողովի ընթացքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում կուսակցության կանոնադրության մեջ եւ ծրագրում։
Համաժողովը քվեարկությամբ ընտրվելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, որի ընթացքում նաեւ վարչության նախագահ են ընտրելու։
Օրինակ՝ կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության համաժողովին հաստատվում է նաեւ ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների առնվազն երեք տասնյակը։
Հաստատման ընթացակարգը վարչության առաջարկով որոշում է համաժողովը:
Կուսակցության համաժողովում ընդունված որոշումները ընդունվում են համաժողովում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ, իսկ կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
ԱՊՕՐԻՆԱԲԱՐ՝ 2 ԱՄԻՍ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԵՂԵԼ
«Եթե նույնիսկ այս պահին Արմեն Աշոտյանին ազատ արձակեն, միեւնույնն է՝ նա 1 տարի 2 ամիս, ապօրինաբար, իր հայացքների ու հայրենասիրության համար գտնվել է անազատության մեջ», – այս մասին երեկ՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա չցանկացավ լավատեսություն հայտնել եւ պնդել, որ սեպտեմբերի 15-ին Արմեն Աշոտյանն ազատ կարձակվի, ինչպես նշել են որոշ փորձագետներ:
«Եթե Փաշինյանն Արցախը չհանձներ, եթե մենք վատթարագույն մակարդակում չգտնվեինք մեր ստրատեգիական դաշնակցի հետ հարաբերությունների համատեքստում, եթե պատերազմի ժամանակ Հայաստանի համար օդային տարածքը մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանի եւ Իրանի հետ չփակվեր, եթե որոշ երկրների ղեկավարներ լկտիաբար չխոսեին Հայաստանի մասին, ես, ճիշտն ասած, թքած կունենայի՝ հեծանի՞վ է քշում Փաշինյանը, թե՞ «սամոկատ»: Ես չեմ մեկնաբանելու իր հեծանվային վոյաժները»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքական իրավիճակին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկտ. առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ:
«Երբեմն ասում են, որ մեզ կտեղեկացնեն, երբեմն դա էլ չեն ասում: Որեւէ մեկը իրական որեւէ գործընթացում ՀՀ-ին չի ներգրավում՝ որպես բանակցային կողմ: ՀՀ-ն որեւէ պահանջ չի ներկայացնում գերիների վերադարձի հետ կապված, որեւէ քննարկում չի ծավալում՝ կապված ՀՀ սուվերեն տարածքը ադրբեջանցի զինյալների կողմից լքելու վերաբերյալ: Այդ առումով ինձ միեվնույննն է՝ նա հեծանի՞վ կքշի, թե՞ «սամակատ»»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ
«Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների եւ դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:
Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է եւ ուսուցման, հմտությունների կատարելագործման հարցը, ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա դա էլ պետք է սահմանվի օրենքով:
Երկրորդ, սահմանային անվտանգության եւ մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:
Մեկ այլ կարեւոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհության առիթին է հանգեցնում:
Վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որը օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:
Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու եւ վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:
Հասկանալի է, չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են եւ նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:
Սա հատկապես այն պարագայում, որ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա՛մ ընդհանրապես չեն անցել կա՛մ անցել են 10-15 տարի առաջ:
Ստացվում է, որ վարժական հավաքի բուն խնդիրներն ամբողջությամբ չեն ծառայում իրենց նպատակին, եւ չի գործում արդարության եւ տրամաբանության սկզբունքը:
Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» եւ կոռուպցիոն հնարավոր սողանցքների ու ռիսկերի մասին», – գրել է նա:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՅԻՆ ՀԱԲ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայում գազային հաբ հիմնելու թեմային՝ նշելով, որ այդ հարցը Կրեմլի օրակարգում է, եւ կողմերը շարունակում են դրա վերաբերյալ ծրագրեր գեներացնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա 2023-ին հայտնել էր, որ գազի կենտրոնի ստեղծման ծրագիրը կարող է մեկնարկել 2024-ին:
ԲՈՂՈՔՆԵՐ՝ ԶՈՐԱԿՈՉԻՑ
2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը եղել են ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուշադրության ներքո: Այդ մասին պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել: ՄԻՊ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետեւել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին: Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր եւ բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի եւ ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին: Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների՝ միեւնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը եւ այլ հարցերին: Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, եւս 76 քաղաքացու հարցի լուծմանը պաշտպանը աջակցել է խորհրդատվության միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետեւյալ աշխատանքները՝
գ բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով եւ կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,
գ արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի, ինչպես նաեւ առողջապահական կազմակերպությունների հետ,
գ համակարգային բնույթ ունեցող հարցերի եւ պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ եւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ: