«ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԻՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական վճիռ, որի երեք հատվածներից մեկի հետ նա համաձայն չի եղել։ Այս մասին երեկ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ խոսքն Առուշանյանի կողմից Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու արգելքի մասին է։

 

Նախարարը շեշտեց, որ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացյալ մասով էլ՝ համաձայնել։

«Ներկայացել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես՝ որպես նախարար եւ պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, ասում եմ, որ համաձայն չեմ, բայց այստեղ մի կարեւոր նրբություն կա, որ մենք ունենք ընթացիկ դատական գործ, ուստի հատուկ կարծիք չասեմ», – նշեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Առուշանյանը ենթակա՞ է կալանավորման, թե՞ ոչ։

Նրա խոսքով՝ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։

«Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն», -ասաց նա՝ հավելելով, որ պետք է սպասել առաջիկա նիստին, որը կայանալու է սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ «հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից»։ Ըստ դատավճռի՝ նա 5 տարի չի կարող պաշտոն զբաղեցնել։

Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Նիստը նշանակված է սեպտեմբերի 3-ին։

Ավելի ուշ Առուշ Առուշանյանը դիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն, որը մերժվել էր:

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը, օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության, մերժել է այն», -հայտնել էին նախարարությունից։

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՓԵՍԱՅԻՆ

Ինչպես հայտնի է՝ 2024 թվականի հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն Աժ պատգամավորների 70 կողմ ձայներով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր:

Ռուբիկ Մխիթարյանի տեղափոխությունից հետո Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի տեղը թափուր է մնացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նրա փոխարեն ՀՀ վերաքննիչ դատարան պետք է տեղափոխվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լուսանկարները, գրառումները լայքող դատավորնեից մեկն է:

Սակայն, ինչպես նկատում ենք՝ նրա՝ ՀՀ վերաքննիչ դատարան տեղափոխվելու գործընթացը ձգձգվում է, քանի որ մարզի դատարանի նախագահին փոխարինող չեն կարողանում գտնել:

Ի դեպ, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը պատահական անձ չէ: Վերջինս ընդդիմադիր բժիշկ Տարոն Տոնոյանի փեսան է:

 

ԵՐԵՔ ԱՆՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 եւ 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2024 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեմքերը բժշկական դիմակներով քողարկված, գնացել են Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Վասաբի» ռեստորան:

24-ամյա երիտասարդներից մեկը, հարվածելով ռեստորանի պահակի դեմքին,  բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի պատճառով վերջինս աստիճաններով գլորվել է ներքեւ՝ ստանալով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ երեքով ապօրինի մուտք են գործել ռեստորան, որտեղ մյուս երկու երիտասարդները, մետաղյա առարկայով վնասելով դրամարկղը, հափշտակել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կանխիկ գումար եւ հեռացել՝ հափշտակված գումարը հետագայում բաժանելով միմյանց միջեւ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն հետագայում, դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է եւ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։

Նախաքննություն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԱՓԻՈՆ» ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց եւ պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։

Իրացնելով ստացված տվյալները` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով ԻԻՀ քաղաքացի Ս.Յ.-ի անունից Հ.Ի.-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2 կաշվեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում, եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ եւ կոշտ զանգվածներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ եւ 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ԻՐԱՆՑԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացիներ փոխանցվել են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եւ միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջեւ Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո:

Նշվում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ եւ Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ի կեսօրին, Երեւանում օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալներ։

Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին:

 

 

 




Լրահոս