Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռեւս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններ)։
2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Արձակուրդները՝ 2024-2025 ուսումնական տարում.
1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:
2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:
3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ եւ գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:
Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձեւով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:
Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաեւ հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
ԱՄԱՌԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր եւ 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։
Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն եւ գրքեր նվիրել երեխաներին։
Ամառային ճամբարի շրջանակում երեխաներն այցելել են մշակութային հաստատություններ, քաղաքում գործող տարբեր արտադրամասեր, անցկացվել է կավագործության վարպետաց դաս:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գրադարանը համալրվել է համակարգչային նոր սարքավորումներով, ինչի արդյունքում ընդլայնվել է գրադարանի ծառայությունների շրջանակը, մասնավորապես՝ մամուլի ենթաբաժնում տեղադրվել է EBSCO միջազգային հեղինակավոր ընկերության բազմալեզու տեղեկատվական շտեմարանը, որն ընթերցողներին հնարավորություն է ընձեռել օգտվել գիտական ամսագրերից եւ հոդվածներից։
Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր սերունդների գրողներ, ուսանողներ, դասախոսներ, գրականագետներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։ Կազմակերպվել են նաեւ ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, մասնավորապես՝ «Գրքասերներ» ակումբի ամփոփիչ հանդիպում, գրքի քննարկումներ, բարձրաձայն ընթերցանություն՝ «Կրթական կամուրջ» ուսումնական կենտրոնի սաների մասնակցությամբ: Ամռանը ուշադրության կենտրոնում էին նաեւ «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շահառուները։ Ակսել Բակունցի 125-ամյակի շրջանակում աշխատակիցներն այցելել են «Առաքելություն Հայաստանի» ՀԿ եւ ներկայացրել հետաքրքիր մանրամասներ Բակունցի կյանքից եւ ստեղծագործությունից։
Ամռան ընթացքում գրադարանի աշխատակիցներն անցել են մի շարք տեղական եւ միջազգային վերապատրաստումներ։ Նպատակը երիտասարդ աշխատակիցների մասնագիտական տեղեկացվածության բարձրացումն է, նրանց համար մասնագիտական-կրթական տիրույթի ընդլայնումը:
ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏԵՐ
Ադրբեջանը թիրախավորվել է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու վրա՝ վանդալիզմի ակտեր կատարելով։ Այս մասին «Պատմամշակութային ժառանգության խնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է օգոստոսի 29-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծաբանական ֆոնդի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվացրել է այդ քաղաքականությունը՝ ջնջելով հայկական մշակույթի հետքերը Լեռնային Ղարաբաղում»։ «Բաքուն բաց հայտարարել է, որ ոչնչացնելու է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Կատարվում է աղվանացման փորձ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդ ժառանգությունը կամ կհամարվի իբր ադրբեջանական մշակույթ, կամ կոչնչացվի, ինչպես արել է Բաքուն մինչեւ այժմ»,- ավելացրել է Ղազարյանը։
ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։
Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։
Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է նաեւ դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը եղել է պարածանրորդ Գրետա Վարդանյանը:
Խաղերի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսը։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Սարգիս Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Հաջորդիվ՝ սեպտեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսի Սմբատ Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Գրետա Վարդանյանը: 2024 թվականի Պարալիմպիկ խաղերում 4400 պարաատլետ կմրցի 20 մարզաձեւում։
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔՈՒՄ
Մեր շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 6 խաղափուլից հետո Տիգրան Համբարձումյանն ունի 5.5 միավոր եւ կիսում է 1-2-րդ հորիզոնականները մինչեւ 12 տարեկան պատանիների խմբում:
Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր եւ կիսում է 1-4-րդ հորիզոնականները մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր:
Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր եւ կիսում է 2-7-րդ հորիզոնականները մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը ունի 4.5 միավոր:
Վոլոդյա Թորոսյանը ունի 4.5 միավոր միմչեւ 14 տարեկան տղաների խմբում:
Անահիտ Մուրադյանը ունի 4.5 միավոր եւ կիսում է 5-8-րդ հորիզոնականները մինչեւ 18 տարեկան աղջիկների խմբում:
Անի Նահապետյանը եւ Սոնա Կրկյաշարյանը ունեն 4.5 միավոր մինչեւ 14 տարեկան աղջիկների խմբում:
Սոֆիա Բաղրամյանը ունի 4.5 միավոր եւ կիսում է 4-9-րդ հորիզոնականները մինչեւ 8 տարեկան աղջիկների խմբում: