«Կորուստը ո՞նց չնկատելու տաս»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Արցախի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ նվիրված Արցախի Հանրապետության Անկախության օրվան։ Լուսանկարներին կից նա գրել է․

«Իմ ԱՄԵՆ ՕՐԸ մի կերպ քաշում-հանում եմ խճողված մտքերի քարկապից, որ թելի ծայրը գտնեմ ու նորից հյուսեմ կյանքիս պատմությունը՝ Երկրիս պատմությունը: Էս տարի Սեպտեմբերի 1- ը եկավ սեպ-ի 2-ին, ասես շաբաթը՝ ուրբաթից շուտ… Կենցաղը՝ հատուկ բան ունի. ստիպում է հողին կպած մնալ ու «չխորանալ», որ հասցնես ապրել պարզունակ կյանքդ գոնե: Բայց ինձ չի փրկում, էդ կենցաղն ինձ չի օգնում իմի գալ: Չի հավաքում:

ՀԻՇԵԼԸ. ԸՆՏՐՈւԹՅԱՆ հարց է ու որոշում. Արցախ-հայրենիքը մոռանալ՝ նշանակում է ուրանալ ինքդ քեզ, ուրանալ Ազգդ, ծագումդ, ապրածդ, ձեռքբերումներդ ու կորուստդ: Հավատքդ ուրանալ: Կորուստը ո՞նց չնկատելու տաս: Ոնց որ սիրածդ մարդը հանգչի…չլինի ու դու չնկատես: ո՞նց Քարկապված մտքերիցս քաշում-հանում եմ Արցախի՝ իմ կարոտի խճճված, մտքերիս պես քրքրված ու մեզ պես՝ իրարից անջատված թելերն ու փորձում եմ նոր կյանք հյուսել… դժվար է: Անջատված մտքեր են… քրքրված թելերի նման:

Արցախում այսօր հայերեն չի հնչում, դպրոցները չեն զրնգում երեխաների ծիծաղից , լուռ է իմ Երկիրը… մոռացված է սպասում է. Գերիների պես Լքված տների ու հանդերի պես Մատնված վանքերի ու լեռների պես… Լուռ սպասում է: Հայաստանն էլ մի տեսակ մասնատված է գնում «դասի»… Սպասում է… խճճված մտքերս նույն քարկապով էլ թղթին են հանձնվում: Խառը:

Հիշողությունը ցավոտ բան է: Օհ՜՜ շատ ցավոտ, Բայց ցավը նաև զգուշացնող է, հիվանդությունդ մատնանշողն ու քեզ լուծում պարտադրողը: Մարդը մահին «դիմանում» է, ցավին՝ ոչ: Ես ուզում եմ, որ մեր ցավը մեզ բուժող դառնա: Որ անտանելի ցավից ոչ թե մահ տենչանք, այլ սպեղանին գտնենք,որ բուժվենք, իրար առողջացնենք.. ու քարկապված թոքերից դուրս մղենք հավերժական փոշին, մոռացության աղտն ու հուսահատության աԽտը: Ուզում եմ, որ Սեպ-ի 1-ը գա ի՛ր օրը, ոչ թե՝ուրիշ, որ շաբաթը մնա իր տեղում ու իմ Երկիրը լինի ամբողջ: Ես լինեմ ամբողջ, դու լինես, Մենք որ Լինենք։

Ես հուսով եմ, որ Մայր Տաճարի վերաօծումից հետո Աշխարհի հայությունը նորից կկամրջվի, կմիանա իրար: Եթե չսովորեցինք «սոսնձվել» իրար սիրով, մեզ հա կկապի ցավը, միայն ցավը, մինչև որ բան հասկանանք: Բայց Երկիրն ի՞նչ մեղք ունի ախր, որ մենք էդպես էլ ոչինչ չենք հասկանում… Ամեն մեկն իր սարդոստայնին՝ Գերի։ Խճողված ու մոլորված Մոռացության լաբիրինթոսից դուրս է պետք գալ, ցավի կծիկը վերցրած դուրս գալ ու սկսել ՆՈՐԻՑ հյուսել Ամբողջական Երկրի ԿՅԱՆՔԻ պատմությունը»։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս