Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ մարդատար-տաքսի ավոտմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են ՀԴՄ կտրոններ։
Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ էլեկտրոնային տարբերակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի գրանցվել է հարկային մարմնում։ 10.000 վարորդ արդեն գեներացրել է շուրջ 150.000 ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ խորհրդարանի պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ քննարկվել է տաքսիներին հարկելու մասին օրենքը, որպեսզի առաջիկայում այն քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
Հարկ է նշել, որ ArmLur.am-ի հետ զրույցում տաքսի ծառայություն մատուցող շատ ֆիզիկական անձինք նշել են, որ չեն պատրաստվում ՀԴՄ կտրոններ տրամադրել, քանի որ այդ ամենը լուրջ չէ։ Հավելենք, որ տաքսիների վարորդները նաև նշել են, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել այդ առթիվ։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի նոյեմբեր ամսին Ազգային ժողովում նախագիծ էր ընդունվել, ըստ որի՝ օնլայն տաքսի ծառայության ոլորտի նկատմամբ վերահսկողություն պետք է սահմանվեր, այսինքն՝ վերջիններս պետք է հարկվեին։
Նաև նշենք, որ կանխիկ վճարումներ կատարելու դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
-2 տոկոսի չափով՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից
-3,5 տոկոսի չափով՝ 2025-ի հունվարի 1-ից
-5 տոկոսի չափով՝ 2026-ի հունվարի 1-ից
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
-1,5 տոկոսի չափով՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից
-2,5 տոկոսի չափով՝ 2025-ի հունվարի 1-ից
-4 տոկոսի չափով՝ 2026-ի հունվարի 1-ից։
Աննա Սրապիոնյան