Իրանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ: Պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։

Իրանը դեմ էր այն երթուղուն, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այդ կապակցությամբ կայացել է Թեհրանում ՌԴ դեսպանի և Իրանի ԱԳՆ Եվրասիական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մուջթաբա Դեմիրչուլուի հանդիպումը։ Տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ-ն։

Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ Դեմիրչուլուի հանդիպմանը բարձրացվել է կայուն խաղաղության երաշխավոր և տարածաշրջանում խաղաղության հիմք հանդիսացող երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգման հարցը։

Դեմիրչուլուն նշել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացմանը և դեմ է աշխարհաքաղաքական և միջազգային մակարդակով ճանաչված տարածաշրջանի սահմանների փոփոխմանը։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել կովկասյան գործընթացների, տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու կայունությանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունների դեմ պայքարի շուրջ։

Կողմերն ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների հնարավորությունների օգտագործման կարևորությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը և տնտեսական ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Քննարկվել են նաև «3+3» խորհրդակցական մեխանիզմի առաջիկա հանդիպումը և Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։




Լրահոս