«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 20-ին «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման պատճառը, պարզվում է, իշխանականներին փոխկապակցված ընկերության կողմից մարզադաշտի կառուցումն է։ Այսինքն՝ իշխանության հետ ԽԾԲ-ի գործոնով կատարված գործարքները ոչ մի կերպ լավ ազդեցություն չեն ունենում։
«Հետք»-ը գրել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈՒԵՖԱ-ն։ Մարզադաշտը վերակառուցել եւ նորոգել է մի ընկերություն, որը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իհարկե՝ ՀՖՖ նախագահի քավորությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզադաշտի վերանորոգման համար մրցույթին մասնակցել է եւս մեկ ընկերություն, որն առաջարկել է մարզադաշտը վերակառուցել 50 մլն դրամ էժան գնով։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մարզադաշտի վերակառուցման մրցույթը հաղթելու գործում միջամտել է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Մենք Արմեն Փաբուխչյանից փորձեցինք ճշտել, թե անուղղակի կերպով ի՞նչ աղերսներ ունի Աբովյանի մարզադաշտը վերանորոգող ընկերության հետ։
«Վերանորոգման համար հայտարարված մրցույթին ընկերություններից մեկը հաղթած ընկերության առաջարկած արժեքից 50 մլն դրամ էժան գնով է առաջարկել կառուցել, սակայն Ձեր հովանավորությամբ հաղթել է 783 միլիոն դրամ առաջարկած ընկերությունը», ի պատասխան՝ փոխաղաքապետը ասաց. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, մյուս կողմից՝ կցանկանամ տեղեկանալ, թե դա ի՞նչ ընկերություն է, ո՞ւմ է այն պատկանում եւ ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը կապել իմ անձի հետ։ Բացարձակ տեղեկացված չեմ»,- պատասխանեց Փամբուխչյանը։
Նա թեեւ նրբորեն անտեղյակ է ձեւանում, սակայն իշխանության կողմից նման հարցերում ներգրավված լինելն արդեն սովորական է դարձել, երբ նշում են՝ կապ չունեն կառուցապատման հետ, սակայն ներգրավված անձը հորեղբայրն է կամ հորեղբորորդին, ընկերը կամ ընկերոջ հարեւանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։