ԹԱՆԿԱՐԺԵՔ ԾՐԱԳԻՐ՝ ԱՆԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ամառային դպրոցը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից 8 մլն դրամ թանկ է նստել ՀՀ աղքատիկ պետբյուջեի վրա։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Եղել են հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ՝ մեջբերենք.

«ՀՀ ԱԺ 2024 թ. «Ամառային դպրոցի» (կրթամշակութային) կազմակերպում սույն թվականի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում, ըստ պայմանավորվածության (խմբ.), իրականացվել է մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով 30 անձի համար, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի համար, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար: Ընթրիքը նույնպես պատրաստվել է 60 անձի համար։ Մասնակիցների ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ եւ կիրակի օրերին)՝ 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում, ներառյալ՝ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), որը ներառել է՝ սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, զովացուցիչ ըմպելիքներ (նաեւ բնական), աղանդեր (խմորեղեն), միրգ եւ այլն. վերջնական պատվերները պետք է լինեն (խմբ.) պատվիրատուի/կազմակերպիչների հետ համաձայնեցմամբ»:

Եղել են այցելություններ թանգարաններ, պատկերասրահ, կինոթատրոններ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, ռեստորաններ եւ այլն:

22 մլն դրամը, կթվա, կրթության համար ոչինչ է, նույնիսկ՝ քիչ, սակայն «Ամառային դպրոցի» ծախսերի բացվածքը առավել անլրջացնում է ծրագիրը:

 

Ինչ են արել «Ամառային դպրոցի» սաները.

 

«ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում, ներառյալ՝ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 puf բազկաթոռները (փափկաթոռներ)»։ Ծախսերում նշված է, որ գնել են.

«կերամիկական բաժակ՝ բռնակով, երկկողմանի, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, շապիկ՝ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից եւ կարճաթեւ, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը՝ «Պոլո», երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 180 հատ, գինը՝ 5000 ՀՀ դրամ։

Էկոպայուսակ՝ տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 3500 ՀՀ դրամ։

4 տեսակ ինքնակպչուն՝ յուրաքանչյուրից 70 հատ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ընդհանուր՝ 280 հատ, գինը՝ 450 ՀՀ դրամ։

Էջանշան՝ երկկողմանի տպագրությամբ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 350 ՀՀ դրամ։

Ֆոտոշրջանակ նկարվելու համար՝ «կանգնող» ոտքերով, 1 հատ, գումարը՝ 75.000 ՀՀ դրամ»։

ԱԺ «Ամառային դպրոցի» համար կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ հատկացվել է 24 մլն դրամ՝ գրեթե 60 հազար դոլար։

Մեկ այլ պայմանագրով էլ ՀՀ Ազգային ժողովի՝ 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների սննդի/ընդմիջման ապահովման ծառայությունների ձեռքբերման պայմանով 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։

Ահա, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը ֆինանսներ հատկացրել «Ամառային դպրոցի» համար, որը ժամանակավոր բնույթի ծրագիր է եւ կրել է շփումների մակարդակի զրույց, ոչ թե լուրջ դասընթաց։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ  արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցաքննել են իր եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց  պարզել ՀՀ  արդարադատության նախարարից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, նախարարությունից հայտնեցին, թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացել են եւս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար։

 

 

 

 

 

Ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը: Նա իր հաշվետու տարվա հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 16-ին, որում անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի ներկայացրել: Լիլիթ Մակունցի՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 4 մլն 78 հազար դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 3 մլն 918 հազար դրամ, իսկ մյուս փոխառության չափը կազմել է 29 մլն 613 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 28 մլն 850 հազար դրամ: ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 15 հազար դոլար՝ տարվա վերջում վերածվելով 27 հազար դոլարի, իսկ մյուս հաշվի մնացորդը 794 հազար դրամից նվազել է՝ հասնելով 395 հազար դրամի: Հաշվետու տարվա նրա եկամուտը կազմել է 23 մլն 128 հազար դրամ, ինչը արտաքին գործերի նախարարությունից ստացված գումարն է: Լիլիթ Մակունցի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 768 հազար դրամ, որից 28 մլն 850 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է: Հետաքրքիրն այն է, որ Լիլիթ Մակունցը հայտարարագրում չի նշել որեւէ անշարժ գույք, սակայն նա նույն հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա վերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բնակարանի հիփոթեքի մայր գումարը կազմել է 28 մլն 850 հազար դրամ: Հիշեցնենք, նաեւ որ Լիլիթ Մակունցը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար:

 

 

 

 

 

Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, եւ ոչ մի ուղերձ չի հնչում: Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր: Տարիներ շարունակ թե’ Արցախում, թե’ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ: Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք: Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում եւ հարակից տարածքում, իսկ Փաշինյանին եւ կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաեւ գերիների ու ռազմագերիների մասին:

 




Լրահոս