«ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում՝ Արցախի ներկայացուցչությունում, Արցախի օրվան նվիրված հատուկ նիստ էր ընթանում երեկ՝ Արցախի Հանրապետության անկախության օրը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի պատգամավորները, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Արցախի օրվան նվիրված նիստին մասնակցել է նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ում հետ էլ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է։

-Պարո՛ն Մամիջանյան, 33 տարի առաջ այս օրը հռչակվել է Արցախի անկախությունը: Այսօր ունենք մի իրավիճակ, որ  Արցախն ամբողջությամբ հայաթափված է եւ թշնամու վերահսկողության տակ, իսկ իր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախահայության Արցախ վերադարձն այլեւս իրատեսական չի համարում, ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասով:

-Միակ բանը, որը Փաշինյանը իրատեսական է համարում, իր իշխանության պահպանումն է, մինչդեռ բոլոր այն խնդիրները, որոնք հայկական պետությունների եւ մեր ազգի առաջ ծառացած են, հենց դրա ածանցյալն են՝ անհագորեն եւ ամեն գնով իշխանությունը պահպանելու ցանկությունը:

Ճիշտն ասած, ես որպես հիմք կընդունեմ Արցախի, պայքարի եւ հաղթանակների հետ ավելի շատ կապեր ունեցող առաջնորդների հայտարարությունները:

Ամեն բան շատ պարզ է՝ ողջը կախված է մեր ցանկությունից, նվիրումից ու աշխատանքից, կարելի է անվանել նաեւ մեր պայքարից:

-Պարո՛ն Մամիջանյան, փաստ է, որ այս պահին Արցախի հարցով բանակցություններ վարելու իրավունք ունեն միայն Արցախի իշխանությունները, որոնք փակ են համարում Արցախի հարցը. սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Առաջին կետը, որը կապահովի թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացումն ու անվտանգությունը, թե՛ Արցախի ապագան, այս իշխանությունների հեռացումն է: «Բանակցություններ» բառն այս պահին տեղին չէ, երբ երկրի ղեկավարը գնում, նստում է, սակայն նրան թելադրում են, թե ինչ անի, իսկ որոշ դեպքերում չեն էլ կանչում… Միակ տարբերակը Փաշինյանի հեռացումն է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԸ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 33-ամյակի առթիվ.

 

«1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով եւ 1992 թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով կազմավորվեց հայկական երկրորդ հանրապետությունը:

Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով եւ արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը՝ փորձելով դառնալ պետությունների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայության համար այս ծանրագույն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովը, առաջնորդվելով ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատով եւ նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ, արձանագրում է.

l Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որեւէ առնչություն չունենալով Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

l Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախության Հռչակագրից բխող պարտավորությունները, շրջանցելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992 թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

l Ադրբեջանական Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին բարձրագոչ հայտարարություններով մոլորեցնելով միջազգային հանրությանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

l Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ իրավահաջորդ, հանդիսանալով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ եւ երաշխավոր, իր փաստացի ներկայության պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:

l ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն եւ, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. եւ 2023թ. պատերազմական գործողությունների եւ ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկայացուցչական մարմինը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.

ՀՀ իշխանություններին՝

l Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝

l Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա շարունակել միջնորդական առաքելությունն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման նպատակով։

ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝

l Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտավորությունների եւ միջնորդությունների շրջանակում միջազգային հանրահայտ նորմերի եւ սկզբունքների, ինչպես նաեւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հռչակման իրավա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ գործակցությամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձն ու այլ հավասար եւ անկապտելի իրավունքների իրացումը՝ որպես ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմք:

Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի եւ պետականակերտման ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»:

Ք. ԵՐԵՎԱՆ

02.09.2024թ.

 

 

ԶԱՏՈՒԼԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների հետ ոչինչ չպատահի»։ Այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքներ, վերադառնան Հայաստան, որովհետեւ դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլեւս հայ չի մնացել»,- գրել է նա։

Նա նշել է, որ իր պարտքն է համարում ցավակցել հայրենիքը կորցրած արցախցիներին:

«Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու եւ օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը եւ, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված են եղել փախստական դառնալ»,- ընդգծել է պատգամավորը։

Զատուլինը վստահություն է հայտնել, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը եւ Արցախի բնիկ բնակիչներին կրկին վերադարձնել:

 

 

 

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄ

«Ենթադրում եմ, երբ վերադարձի մասին խոսվում է, եւ վերադարձի իրավունքը մենք փոխկապակցում ենք ինքնորոշման իրավունքի հետ, հավանաբար, դա Փաշինյանի համար Հայաստանի պետական շահի դեմ գնացող արտահայտություն է»:

Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Բայց դա ընդամենն իր ընկալումն է, սա նույն խոսույթի ու քաղաքականության շարունակությունն է, այսպես կոչված, նշաձողի իջեցման, որն էլ ի վերջո հանգեցրեց նրան, ինչն ունենք: Ես չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին եւ չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ», – ասաց նա:

Նրա խոսքով՝ այս պահին առաջնահերթություն պետք է լինի վերադարձի իրավունքն օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ:

«Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ», – շեշտեց նա:

 




Լրահոս