ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՑ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒԼԻՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին՝ ամռան վերջին օրը՝ ժամը 12։30-ին, 30 րոպե ուշացումով մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ուշագրավ փաստեր եւ արտահայտություններ է արել Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում՝ լրագրողների հարցերին ի պատասխան։

Այսպիսով՝

  1. Ադրբեջանի հետ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձեւաչափով. չեմ բացառում այլ ձեւաչափով աշխատանք։
  2. Երբ որ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որեւէ այլ ձեւաչափ, կարծում եմ, որ դա կարող է Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ այդպիսի շփումների։
  3. Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP 29-ին մասնակցության մասով։
  4. Մեր ռուս գործընկերները գերիների հարցը շրջանցում են։
  5. Ես կուզենամ մեր ուշադրությունը հրավիրել, ըստ էության, նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել եւ օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը: Դրա էությունը հետեւյալն է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը: Եվս երեք հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից եւ դրանց մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: (Փաշինյանը չի նշել, թե խաղաղության պայմանագրի ո՞ր 13 հոդվածներն են համաձայնեցված):
  6. Եթե Երեւանը մտադրություն ունենա հրաժարվելու նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից, Երեւանը այդ մասին կհայտարարի:
  7. Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, եւ այս փուլում դա համարում ենք բավարար։
  8. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։
  9. Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով: Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե գիտե՞ք՝ ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում թե ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մեկնարկեց 30 րոպե ուշացումով եւ տեւեց ընդամենը երկու ժամ:

Ասուլիսի ընթացքում նրան հարց ուղղած լրագրողների թիվը չէր գերազանցում 20-ը:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ ասուլիսն այսքան կարճ է տեւում:

Վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ իր ասուլիսին Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի՝ Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, թե՞ ոչ:

Այս հարցը, սակայն, այդպես էլ պատասխան չունեցավ. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այս մասով դեռ որոշում չունի:

 

 

 

ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ

Արցախի անկախության տոնի առթիվ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երեսուներեք տարվա նվիրյալների ու նահատակների առջեւ խոնարհադեմ եւ ի հեճուկս հայրենամատնիչ որեւէ ոտանավորի, պարզապես հիշենք, արձանագրենք, գործենք։

Հայաստանի ու ողջ հայության պատմությունը՝ պետական եւ ազգային, այսօր ոչ թե կերտվում է նորովի, այլ կորսվում է առհավետ։

Երկիր երազեցինք, ծրագրեցինք եւ շարժվեցինք, ապա ազատագրեցինք ու պաշտպանեցինք։ Հետո էլ ագահացանք ու հղփացանք, գողացանք ու սեփականացրինք, ծախեցինք ու հանձնեցինք։

Հայոց զինվորն ու քաղաքացին, արժանապատվությունն ու շահը, անգամ բուն Հայրենիքը դարձրեցինք մանրադրամ ու մղձավանջ։

Պատասխան չտվեցինք։

Մի նոր երազող՝ այս անգամ աթոռի, հայտնվեց իր կազմով՝ անցյալի մեղքն ու սխալը մերժելու խոստումով։

Փոխարենը ամբողջացրեց Հայաստանի պատմության հանցանքների ու զանցանքների տեսականին եւ փորձեց մանգաղ կախել հայկական քաղաքակրթության եզերքների, արժեքների, նվաճումների եւ իրավունքների վրա։

Հայրենի հող նվիրաբերելով, հերոսական երիտասարդների սպանել տալով, սար ու ձոր, պապ ու թոռ ուրանալով՝ նա տենչում էր միմիայն տապանի ղեկը, որպեսզի վերջապես դարերի սպասված ու նույն դարերը հեգնող ինքնամարգարեն դառնար իրենով սկսող անՀայաստանի պատմահայրը։

Իր մասին՝ այսքանն առավել քան բավական է։

Մեր հայրենիք, պետություն եւ ժառանգություն՝ Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտը առջեւում է՝ մեր աչքերի դիմաց, մեր ձեռքերի մեջ։

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2024 թվականի 1-ին կիսամյակի հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 367 վարույթ, որոնց համար հիմք են հանդիսացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ Օրենսգրքի 189.13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտումները։

Նշված հոդվածներով գործերիքննության արդյունքում Հանձնաժողովը կիրառել է 30 տույժ համաձայն «Հանրային ծառայության մատին» օրենքով սահմանված հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նույն օրենքով նախատեսված հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու։

Թվով 11 տույժ կիրառվել է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիման վրա, իսկ թվով 1-ը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ՝ Հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու հատկանիշով։

Հաշվետու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հայտարարագրերը չներկայացնելու խախտումների կապակցությամբ իրականացված վարույթների արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 98 գործեր կարճվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին կոնկրետ վարույթներ։

Հարկ է նշել, որ կարճված վարույթների մեծամասնությունը հենց իշխանության տարբեր օղակներում գտնվող անձանց հայտարարագրերի վերաբերյալ էր։ ArmLur.am-ը բազմիցս գրել է հայտարարագրերի լրացման ակնհայտ խախտման դեպքեր, որոնք Հանձնաժողովի կողմից կարճվել են։

Բաց այդ, հարկ է նշել, որ Ազգային Ժողովը գրեթե մեկ տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար իր «սրտի» անդամին գտնել եւ ընտրել։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՈՒՂՂԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը: Ըստ այդմ՝ մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արեւելյան Ադրբեջան նահանգում, երբ գարնանային մառախուղի պատճառով բախվել է բլրին։

«Աղետի հիմնական պատճառն այն է, որ գարնանային եղանակային բարդ պայմանների պատճառով, երբ ուղղաթիռը բարձրություն էր վերցնում, հանկարծակի առաջացած խիտ մառախուղը հանգեցրեց նրան, որ այն բախվեց լեռանը»,- նշված է դեպքի հետաքննության ավարտական զեկույցում։

Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել արկի հարվածը, ռադիոէլեկտրոնային պայքարը, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցությունը։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Հավելենք, որ ուղղաթիռում են եղել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ինչպես նաեւ Ադրբեջանի մեկ պաշտոնյա:

 

 

 

«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ». ԲԱՅՐԱՄՈՎ

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր առաջարկները փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից մի քանի կարեւոր կետեր դուրս են մնացել։ Համաձայնագրի նախագծում կարեւոր կետեր չկան։ Մեր հանձնարարականը հայկական կողմին այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»,- ասել է Բայրամովը։

 

 

ՈՒՂԵՐՁ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Սիրելի արցախցիներ, քույրեր եւ եղբայրներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ»,- գրել է նա։

 




Լրահոս