Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով: «Օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով՝ ընտրվեցին Սլավիկ Թորոսյանը եւ Գաբրիել Պետրոսյանը։
ԻՆՉ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
ԵՎ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ
Դատավորների ընդհանուր ժողովն ունի 3 հանձնաժողովներ՝ Գնահատման հարցերով, Էթիկայի եւ կարգապահական հարցերով եւ ուսումնական։ Հանձնաժողովների կազմում պարտադիր նախատեսված է «ոչ դատավոր» անդամի մասնակցություն, որտեղ կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայությունը։ Ըստ դատական օրենսգրքի Ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: 2020 թվականին հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամի պաշտոնում ընտրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը։ Թե ինչով է հայտնի Գաբրիել Պետրոսյանը, ինչպես է վերջինիս բարձր մասնագիտական որակները ստուգվել, պարզ չէ։ Հասմիկ Հարությունյանը հանդիսացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանը եւ քաղհասարակության ներկայացուցիչը հանձնաժողովում, վերջինս հայտնի է ոլորտային իր ակտիվ գործունեությամբ:
ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԵԼ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Դատական համակարգի էջում տեղադրված հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը վերջին տարիների ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային կառույցների հետ: Ընդհանուր ժողովից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդ բլոկի պատասխանատուն եղել է Հասմիկ Հարությունյանը։ 2024 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ընդհանուր ժողովին կրկին քննարկվել է Ուսումնական հարցերով հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ընտրության հարցը. որպես թեկնածուներ՝ կրկին առաջադրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը, թեկնածուների կազմում են եղել նաեւ թոշակի անցած դատավոր Սլավիկ Թորոսյանը, իրավաբան-գիտնական Տիգրան Խաչիկյանը, Արման Թադեւոսյանը եւ փաստաբան Լուսինե Մկրտչյանը։ Ըստ արդյունքների՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել նախկին դատավոր Սլավիկ Թորոսյանն ու ոչնչով աչքի չընկած Գաբրիել Պետրոյանը։ Ի դեպ, Սլավիկ Թորոսյանը, մինչ թոշակի անցնելը, կրկին եղել է հանձնաժողովի անդամ, թե ինչ գործունեություն է ծավալել, ինչով է աչքի ընկել, հայտնի չէ։
ԴԱՏԱՎՈՐԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ
ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ
Հիմա անդրադառնանք Գաբրիել Պետրոսյանին, ով, պարզվում է, նախկինում աշխատել է որպես քննիչ, իսկ հիմա անցել է թոշակի։ Թե ինչ է կատարել 4 տարի հանձնաժողովի կազմում, ինչով է հայտնի կամ ինչ հեղինակություն ունի, պարզ չէ։ Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ով է նա. Պետրոսյանը Արարատի մարզի դատավոր, դատարանի նախագահ Հարութ Պետրոսյանի հայրն է, ում հովանավորությամբ էլ Գաբրիել Պետրոսյանը իր համար պետական բյուջեից փաստացի աշխատավարձ ապահովեց: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Հարութ Պետրոսյանը ոչ միայն զանգահարել է դատավորներին եւ խնդրել, համոզել, որ ձայն տան իր հորը, այլեւ ըստ ականատեսների՝ «Ժողովուրդ» օրաթերթ պատմածի, դատավորը ընդհանուր ժողովին նույն քարոզարշավը շարունակել է նաեւ նիստերի դահլիճ տանող դռան մոտ անգամ: Ինչը դատավորի վարքագծի կանոնների հետ, թերեւս, որեւէ աղերս չունի:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ մեկնաբանություն խնդրեց դատավոր Հարություն Պետրոսյանից, ինիչ ի պատասխան՝ վերջինս ասաց, որ նման բան չի եղել: Մեր այն պնդմանը, որ նա զանգահարել է դատավորների ու ավելին՝ քարոզարշավը շարունակել է նաեւ նիստերի դահլիճ տանող դռան մոտ, Հարություն Պետրոսյանը պնդեց, որ նման բան չին եղել: Մեր այն հարցին՝ եթե այս ահազանգով զբաղվեն իրավապահները արդյոք մտավախություն չունի, դատարանի նախագահը նշեց, որ չունի որեւէ մտավախություն:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ դիմեց ԲԴԽ, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, թե. «ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԸ ԽԼԵԼ ԵՆ»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Ժողովի ներկաները տեղում քննարկել են հարցը, թե Հասմիկ Հարությունյանը ոչ միայն շատ կոնկրետ ներկայացրել է իր կատարած աշխատանքը, այլ նաեւ այն, թե ինչ գործողությունների անհրաժեշտություն կա, ավարտին հասցնելու ինչ ծրագրեր կան, որտեղ իր դերը էական է։ Մյուսները նման խորությամբ ծրագրեր չեն ներկայացրել: Եվ հարց է ծագում՝ ի՞նչ կարող են անել թոշակի անցած իրավաբանները հանձնաժողովում, որտեղ հսկայական աշխատանք կա կատարելու միջազգային կազմակերպությունների հետ եւ անգլերենի իմացության խիստ անհրաժեշտություն։ Բացի այդ, այս իրադարձության մեջ կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել, որ հանձնաժողովում քաղհասարակության համար նախատեսված մանդատը փաստացի զավթվել է դատավորների կողմից։ Ընդհանուր ժողովն ազդակ է, որ ներսից ընթանում են կործանարար պրոցեսներ, որոնք կարող են էլ ավելի վտանգավոր դառնալ ու նոր խնդիրներ առաջացնել, քանի որ մոտ 100 դատավոր ինքնուրույն մտածել եւ ընտրել չի կարողանում։
ՔՊ-ԻՆ «ՍԵՐՏԱՃԱԾ»
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Իսկ ինչ վերաբերում է Հարություն Պետրոսյանին, նա ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականի՝ ծեծի արդյունքում վնասվածքներ ստացած ու հետո մահացած փոխգնդապետի գործով դատավորն է, ով փոխել է մեղադրյալի կալանքը։ Հատկանշական է, որ Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, ով հասցրել է արագացված կարգով դատավոր դառնալ, 2020 թվականին ցանկացել է ուսումնական հարցերով նույն հանձնաժողովի անդամ դառնալ, սակայն, ինչպես նշեցինք, ընտրվել էր Հասմիկ Հարությունյանը։ Ինչ կապ կա դատավոր Հարություն Պետրոսյանի, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ու վերջինիս եղբայր Դավիթ Սարգսյանի միջեւ, ինչն է վերջիններիս միավորում՝ կասկածների տեղիք է տալիս։ Սակայն մի բան այս ժողովից հետո ակնհայտ է, որ Հարություն Պետրոսյանը դատավորից պահանջվող վարքագծին ոչ հարիր վարքագիծ է ցուցաբերել, ինչը, ամեն դեպքում, իրավական գնահատականի պետք է արժանանա: Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ն ԱԺ դահլիճում նսեմացրեց ու Ազգային ժողովից հեռացրեց, հիմա էլ քրոջը «մաքրեցին»… ՔՊ-ի վրեժխնդրությունը սահմաններ չունի, եւ սա այն պատճառով, որ Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ականների ունեցվածքի մասով վարույթներ էր հարուցել ԿԿՀ նախագահի պաշտոնում, ինչը նրան չներվեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արաբկիրի նախկին թաղապետի ազատ արձակման հարցով բողոք է ուղարկվել Վճռաբեկ դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը, ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը, տնային կալանքից հետո, տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ: Եվ ահա նրա պաշտպանական կողմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նրան ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել եւ քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի, 46 (հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի եւ 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով՝ մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը եւ համակցված` գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»: