Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության առիթով։
«Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության օրն է:
Արցախի բռնազավթման եւ ամբողջական հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել պատմական այս օրը, քանզի Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։
Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաեւ որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը եւ չի կարող խլացնել արդարության ձայնը: Մենք հավատում ենք, որ պատմական մեր հիշատակները եւ մեր նախնյաց սխրանքները զորացնելու են մեզ եւ մեր ժողովուրդը հավատով ու հույսով հաղթահարելու է պատերազմի աղետալի հետեւանքները, հայրենասեր ու ազգանվեր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը:
Արցախի Անկախության օրվա հիշատակումը եւս մեկ պատգամ է մեր ժողովրդին եւ մարդասիրության բարձր արժեքների ջատագով միջազգային հանրությանը՝ գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության եւ Արցախի հայկական բազմադարյա հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության:
Նվիրական այս օրը մեր սրտաբուխ աղոթքը բարձրացնենք առ Աստված հանուն Արցախի ազատագրության ու պաշտպանության իրենց կյանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպես եւ Տիրոջ օգնականությունը հայցենք Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների եւ գերեվարված մեր բոլոր զավակների շուտափույթ ազատ արձակման համար:
Թող Երկնավոր Տերը միշտ առկայծ պահի մեր ժողովրդի զավակների հոգիներում սերն ու հավատարմությունը հանդեպ հայրենի երկիրը, խաղաղություն ու մխիթարություն սփռի հայրենական մեր կյանքում եւ դեպի լուսավոր ու հաղթական հանգրվաններ առաջնորդի համայն ազգիս: Ամեն»,- ասվում է ուղերձում։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ իրավական եւ բարոյական իրավունք չունենք կասկածի տակ դնելու Արցախի պետականությունը։
Նա նշել է, որ Արցախ՝ Արցախի Հանրապետություն հայերի վերադարձի գլխավոր եւ առաջին երաշխիքը Արցախի պետականությունն է, որը միավորում է ժողովրդին, որը նրա ստեղծման մանդատ է տվել։
Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության միակ երաշխիքը եպիսկոպոսն անվանել է հայերի վերադարձն Արցախ։
«Ադրբեջանը դեռ խորհրդային ժամանակներից փորում էր յուրացնել հայկական պատմամշակութային հուշարձանները։ Դրա վկայությունն է այն, որ Արցախը միակ տարածքն էր ամբողջ Խորհրդային Միությունում, որտեղ չի գործել ոչ մի եկեղեցի»,- նշել է Վրթանես Աբրահամյանը։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Օգոստոսի վերջին օրերին ծնողների հիմնական խնդիրը երեխաներին նոր ուսումնական տարվան նախապատրաստելն է եղել: Wildberries-ը վերլուծել է 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների կողմից արված պատվերները եւ ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնված ապրանքները։
Այսպիսով, ըստ Wildberries-ի, ապրանքների ԹՈՓ-10-ն են` գունավոր մատիտների հավաքածու 12 կտոր, գրիչների հավաքածու 50 կտոր, պլաստիլին 60 կտոր, A4 գունավոր թուղթ երկկողմանի հավաքածու, նկարչական ալբոմ, նկարչական վրձիններ, մատիտատուփ, Basic գուաշ 12 գույն, տետր՝ 12 թերթանոց, ինչպես նաեւ ֆլոմաստերներ։
Ծնողների ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել դպրոցական հագուստի եւ կոշիկի, գրենական պիտույքների եւ տարբեր պարագաների ձեռքբերման վրա։
Եվ, իհարկե, ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր աքսեսուարներով։ Այս սեզոնին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել։
Գրենական պիտույքներից ամենաշատը գնել են մատիտատուփեր (+25%), տետրեր (+37%) եւ օրագրեր (35%)։
Ուսումնական ատլասները եւ տարբեր դասագրքերը նույնպես պահանջված են, տարեկան աճը կազմել է, համապատասխանաբար, 27% եւ 13%:
«ԱԿՆԿԱԼԻՔՍ՝ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ». ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
Փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, հանրապետական կարգի մրցավար հայազգի Վաչագան Բաղդագյուլյանը, Հայաստանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 12-17-ը ԱՄՆ Իլլինոիս նահանգի Լիսլ քաղաքում կայանալիք 2024թ.-ի WPC վարկածով պաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը՝ 100 կգ քաշային կարգում։
Համառոտ ներկայացնենք, թե ինչ է իրենից ենթադրում փաուերլիֆթինգ սպորտաձեւը. փաուերլիֆթինգը ուժային եռամարտ է, որը բաղկացած է 3 տեսակի վարժությունից՝ ծանրաձողով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վաչագան Բաղդագյուլյանը նշել է, որ իր ակնկալիքը, միանշանակ, հաղթանակն է հերթական անգամ։
«Ակնկալիքս, միանշանակ, հերթական հաղթելն է, դառնալ կրկնակի աշխարհի չեմպիոն»,- մեզ հետ զրույցում ասաց Բաղդագյուլյանը։
Մարզիկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ սպորտաձեւը Հայաստանում բավականին զարգացած է։
«Ֆեդերացիա ունենք, ու մեր ֆեդերացիան հիմա ԱՄՆ-ում մեկ այլ մրցումների է մասնակցում։ Ֆեդերացիայի նախագահը Գագիկ Սարոյանն է։ Այս պահի դրությամբ 7 այլ նահանգներում մարզիկները տարբեր մրցումների են մասնակցում ֆեդերացիայի շրջանակում՝ կրկին աշխարհի առաջնության։ Բավականին զարգացած սպորտաձեւ է։ Մենք ամեն տարի աշխարհի եւ եվրոպայի առաջնություններ ենք ունենում, Հայաստանի միջազգային տարբեր մրցումներ»,- նշեց մարզիկը։
Հավելենք, որ Վաչագան Բաղդագյուլյանը բազմիցս հաղթել է տարբեր միջազգային եւ ներքին առաջնություններում։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԿԻՐԱՆՑԻ ԴՊՐՈՑԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 34 ԱՇԱԿԵՐՏՈՎ
Կիրանցի հիմնական դպրոցն անցյալ ուսումնական տարի ուներ 42 աշակերտ, նոր ուսումնական տարում ունի 34 աշակերտ։ Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանն ասաց, որ սեպտեմբերի 2-ին գյուղի հիմնական դպրոց են հաճախել 3 առաջին դասարանցի, եւս 2 առաջին դասարանցի փոխել է բնակության վայրը, տեղափոխվել հարեւան Աճարկուտ, այդ երեխաները հաճախում են Աճարկուտի հիմնական դպրոց։ Վ. Բաբինյանն ասաց, որ Կիրանցի 2-րդ փողոցի 1-ին հասցեն, որտեղ պետք է կառուցվի նոր դպրոցի շենք, իրականում Կիրանցի արդեն կառուցված, նոր գործարկվող դպրոցի հասցեն է։ Այդ խոսքերով Վ. Բաբինյանը հերքեց, թե Կիրանցում` նոր ձեւավորված սահմանից համեմատաբար հեռու` ավելի անվտանգ տարածքում, դպրոցի եւս մեկ շենք է կառուցվելու։
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԸ` ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջանում երկրագիտական թանգարան այցից, որտեղ ներկայացված է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը: «Մեր թանգարաններում շարժ չկա, նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են։ Հարց՝ ինչի՞ ենք պահում թանգարանը, որքա՞ն գումար ենք ծախսում, դրա պատասխանը պետք է ունենանք։ Մեր թանգարանները հիմնականում պահեստ են»,- Դիլիջանի թանգարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Դիլիջան քաղաքից մեզ լուսանկարներ են ուղարկել, որտեղ տեսնում ենք` անձրեւի ժամանակ Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղադրված բազում դույլեր, շենք ներթափանցած անձրեւներից թանգարանի վնասված պատեր։ Այս պայմաններում աշխարհահռչակ Այվազովսկու կտավն է ցուցադրվում։ Սա՛ պետք է մտահոգի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե թանգարանում նույն նկարների տարիներով կախված լինելը։
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԱՆՀԱՅՏ
Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել, որով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով իրենց գյուղին վերադարձնել Բերքաբերին պատկանող, Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող շուրջ 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը։ Բերքաբերից տեղեկացանք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնել է Բերքաբերից սերված, պահեստազորի գնդապետ Արայիկ Մադաթյանը։ Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանին հարցրինք, թե ինչ եղավ ստորագրահավաքի ընթացքը. նա ասաց, որ տեղյակ չէ ստորագրահավաքի ճակատագրից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ