Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։
Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաեւ գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում եւ ներկայացվել են Apple եւ Google կազմակերպություններին՝ App Store-ում եւ Play Store-ում հավելվածները տեղադրելու եւ կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։
ՀԱՅԿԱԿԱՆ BlueQubit-Ը $2.2 ՄԼՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ՍՏԱՑԵԼ
Formula VC-ի պորտֆելում ներառված hայկական BlueQubit-ը եւ Quantum Art-ը $2.2 միլիոն դրամաշնորհ են ստացել Իսրայելաամերիկյան Երկազգային արդյունաբերական հետազոտություն եւ զարգացում (Binational Industrial Research and Development (BIRD) Foundation) հիմնադրամից՝ մշակելու եւ օպտիմալացնելու քվանտային մեքենայական ուսուցման ալգորիթմները եւ քվանտային պրոցեսորների կազմաձեւման մեթոդները:
Ծրագիրը BIRD հիմնադրամի կողմից հաստատված վեց նախագծերից մեկն է, որի բյուջեն երկու տարվա ընթացքում կազմում է 2,2 միլիոն դոլար՝ քվանտային հաշվողական նորարարության համար:
BlueQubit-ը քվանտային հաշվողական ընկերություն է, որը մասնագիտացած է քվանտային ծրագրային ապահովման սիմուլյացիաներում, իսկ Quantum Art-ը զարգացնում է սանդղակավոր քվանտային համակարգիչներ։ Ընկերությունները նպատակ ունեն ստեղծել նորարարական ալգորիթմներ եւ օպտիմիզացնել քվանտային պրոցեսորների կոնֆիգուրացիաները՝ պոտենցիալ արագացնելով առաջընթացը ֆինանսների, դեղագործության, պատկերների վերլուծության եւ անվտանգության ոլորտներում:
BlueQubit-ի գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը նշել է. «Այս համագործակցությունը, որն աջակցում է BIRD հիմնադրամը, բացառիկ հնարավորություն է տալիս առաջ մղել քվանտային մեքենայական ուսուցումը ծրագրային ապահովման եւ ապարատային համատեղ նախագծման միջոցով:
Համապատասխանեցնելով մեր քվանտային ալգորիթմները Quantum Art-ի մասշտաբային սարքավորումների հետ՝ մենք կարող ենք լուծել հիմնական մարտահրավերները եւ քվանտային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ձեռնարկատիրական օգտատերերի համար»: