«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ 20 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի  5-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-ամյա վերելք» խորագրով ցուցահանդես եւ համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը:

 

Միջոցառումը աղոթքով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի հոգեւորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն հայ նշանավոր  գեղանկարիչներ եւ քանդակագործներ  Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի եւ Սամվել Թավադյանի աշխատանքները: Կցուցադրվեն նաեւ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությանյանի լուսանկարչական աշխատանքները:

Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս.  Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի  «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) եւ «Նարեկացի»  նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կկատարեն հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործություններ:

Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:

Համերգային ծրագրի ավարտին կհնչի Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին:

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող եւ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը եւ առաջնորդվելով հոգեւորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին եւ հոգեւոր արժեքներին:

Իր 20-ամյա գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել եւ կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր: Լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցել է հայ եւ օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաեւ՝ դեսպանատների հետ:

«Նարեկացի» արվեստի միության 20-ամյակի առիթով նախատեսվում է «20-ամյա վերելք» խորագրով հոբելյանական համերգ՝ հրավիրված երաժիշտների եւ ՆԱՄ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ բացառիկ ցուցահանդես, որի շրջանակում ՆԱՄ մասնավոր հավաքածուից կցուցադրվեն Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի եւ այլոց աշխատանքները:

«Նարեկացի» արվեստի միությունը հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում Նարեկ Հարությանյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությանյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության (www.harcoweb.com) եւ իրենց լուսահոգի հոր` Կարապետ Հարությանյանի հիմնական աջակցությամբ:

2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երեւանում:

ՆԱՄ Երեւանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Քնար» հոգեւոր եւ ժողովրդական երգերի խումբը եւ միության նկարչության դասարանը:

ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:

2006 թ.-ին ՆԱՄ-ը հիմնել է իր մասնաճյուղը Շուշիում:

ՆԱՄ-ում բոլոր միջոցառումները կազմակերպվում են անվճար հիմունքներով եւ բոլոր միջոցառումների մուտքը ազատ է:

 

 

ՀՆԱԳՈՒՅՆ ԱՐԾԱԹԵ ԱՆՈԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Շոտլանդիայում հայտնաբերվել է հնագույն արծաթե անոթ, որը բերվել է Սասանյան Պարսկաստանից ավելի քան 1000 տարի առաջ:

Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում երբեւէ հայտնաբերված վիկինգների դարաշրջանի իրերի ամենահարուստ հավաքածուի՝ Գալլովեյի գանձի գլխավոր առարկան հնագույն արծաթյա անոթն է։

Այն թաղվել է մ.թ. 900 թվականին եւ հայտնաբերվել Շոտլանդիայի դաշտում։ Այժմ հաստատվել է, որ կափարիչով արծաթյա անոթը արեւմտաասիական ծագում ունի, որը տեղափոխվել է կես աշխարհով ավելի քան 1000 տարի առաջ:

Անոթը գիտական վերլուծության է ենթարկվել։ Հետազոտողները կարողացել են տեսնել ուշագրավ դիզայնի մանրամասները, ներառյալ թագեր, կրակի զոհասեղաններ  եւ արարածներ, այդ թվում՝ ընձառյուծներ ու վագրեր:

Այս պատկերները կապված են զրադաշտականության՝ մ.թ. 632 թվականին մուսուլմանական վաղ արշավանքներից առաջ պարսակակն վերջին՝ Սասանյան կայսրության պետական կրոնի, պատկերագրության հետ։

Գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ արծաթը, որից այն պատրաստվել է, արդյունահանվել է պարսկական կայսրության տարածքում գտնվող հանքից։

Գանձը հայտնաբերվել է 2014 թվականին մետաղների որոնողի կողմից մի տարածքում, որն այսօր պատկանում է Բալմահիում շոտլանդական եկեղեցուն: Այն համարվում է դարի կարեւորագույն հնագիտական գտածոներից մեկը Բրիտանիայում եւ պարունակում է ավելի քան 5 կգ արծաթ, ոսկի եւ այլ մետաղներ, ինչպես նաեւ տարբեր առարկաներ՝ սկսած քրիստոնեական խաչից մինչեւ կրծքազարդեր: Այն հանձնվել է Շոտլանդիայի ազգային թանգարանին (NMS), որն անոթի վերաբերյալ իր բացահայտումները կհայտարարի այս շաբաթ՝ Բրիտանական թանգարանի «Մետաքսի ճանապարհ» առաջիկա ցուցահանդեսում դրա առաջին ցուցադրությունից առաջ:

 

 

 

 

«ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԵՎԱՆ»

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սիմֆոնիկ Երեւան» ծրագրի առաջին օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց Հանս Ցիմմերի՝ կինոֆիլմերի եւ մուլտֆիլմերի հայտնի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց՝ դասական երաժշտարվեստը բացօթյա ձեւաչափով ներկայացնելը քաղաքում ձեւավորում է յուրօրինակ մշակույթ եւ տարեցտարի դառնում ավանդական:

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում հնչել է Տիգրան Մանսուրյանի՝ ֆիլմերի համար գրված երաժշտությունը:

 

 

Ա. ԴԱՎԹՅԱՆԸ՝ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արսենը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

 

 

ԴԱՐՁԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձեւում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

«Խաչատրյան – Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

«ՆՈԱՆ» ԿԽԱՂԱ «ՉԵԼՍԻԻ» ՀԵՏ

Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով Երեւանի «Նոան» իմացավ մրցակիցներին ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Հայաստանի փոխչեմպիոնը կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», ավստրիական «Ռապիդին» եւ սերբական «Բաչկա Տոպոլային», իսկ տանը կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» եւ իսլանդական «Վիկինգուրի» հետ։

Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային եւ արտագնա:

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ եւ կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման առաջին փուլից եւ հաղթել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսին» (7-0, 0-0), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին (3-1, 0-1) ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին» (3-0, 1-3)։ Մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին։

 

 




Լրահոս