ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ։
«Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,
Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:
Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:
Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։
Համաշխարհային մակարդակում ընդհանրապես, տարերային և տեխնածին աղետների ռիսկեր ունեցող մեր երկրում մասնավորապես փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում:
Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա՝ արդարացիորեն վայելելով բոլորի գնահատանքը, սերն ու հարգանքը:
Ցանկանում եմ արժանին մատուցենք ձեր ընտանիքներին, սիրելիներին, հարազատներին, որոնց անվերապահ աջակցությունն ու սերը թույլ է տալիս ձեզ հանրությանը մատուցել ձեր ծառայությունը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Մնացեք միշտ հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը»,-նշվում է ուղերձում: