«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից:
Երկհարկանի դպրոցը նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, եւ համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում:
Դպրոցի տնօրեն Իրինա Սեւումյանի խոսքով՝ աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների եւ, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում: ՙՆոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ եւ ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաեւ դպրոցում ուսանող աշակերտների թիվը՚,- ասում է տնօրենը:
Ընթացքում են նորակառույցի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուրը 940քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակ:
Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Շնորհիվ Չափարում 2012թ.-ին Հիմնադրամի կառուցած 4 կմ երկարությամբ ջրատարի` համայնքի 300-ից ավել բնակիչներն ապահովված են խմելու ջրով: