ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ ճակատագիր է սպասվում Առուշ Առուշանյանին. դատարանը որոշում է կայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը, սակայն նիստը հետաձգվել է և տեղափոխվել սեպտեմբերի 10-ին։ Հաջորդ դատական նիստին դատարանը լսելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, քանի որ այդ օրը որոշում կայացնելու վերջնաժամկետն է։

Բայց նախ հիշեցնենք, թե ինչպես է ամեն բան սկսվել։

Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։

Դեռ 2021 թվականի հուլիսի 16-ին, երբ Առուշանյանը երբեմնի ընդդիմադիր էր՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Առուշանյանին կալանավորելու պատճառը հանդիսացել է 2021 թվականին հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել էր ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել էր նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Նշենք, որ Առուշանյանի կալանավորումը շատերը կապում էին ընդդիմադիր կեցվածք ունենալու հետ, սակայն վերջերս էլ նկատում են, որ երբեմնի ընդդիմադրի մոտ կարծես բան է փոխվել, քանի որ առաջվա համեմատ մեղմ է արտահայտվում իշխանության մասին։

Հավելենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Առուշանյանն անդրադարձել է իր հրաժարական տալուն, Սյունիզի մարզպետի հետ իր մտերմությանը և ասել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում՝ իրեն ժողովուրդն է ընտրել, քանի որ երբ կալանքի տակ է եղել, ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել նրան, իսկ Սյունիքի մարզպետի հետ մտերմությունը եղել է մինչ մարզպետ դառնալը և միշտ էլ իր ընկերն է լինելու։ Վերջում էլ հավելել է, որ Սյունիքի մարզպետին այս ողջ պրոցեսների մեջ կապելը ուղղակի կոռեկտ չէ։

Հետաքրքրականն այն է, որ իրոք Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայտարարությունները մեղմվել են կամ էլ վերջինս ուղղակի զգուշավոր է՝ իշխանությունների կողմից չկալանավորվելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս