ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանում զինվորին նվաստացրել ու ճնշել են դիրքում քնելու և հեռախոսով խոսելու համար․ մանրամասներ՝ կրակոցից

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել զինվորների կողմից դիրքում քնելու պատճառով առաջացած խոսակցություններին, ինչից հետո զինվորներն ինքնասպան են լինում:

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ զինվորին ճնշել են, եւ ահա քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Իսկ թե ինչի համար է նվաստացրել, նախաքննական մարմնիը չի նշել, սական ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, դիրքում քնելու թեման ու հեռախոսով խոսելու հարցը դարձել է պատճառ, որ ժամկետային զինծառայողին հասցրել են ինքնասպանության:

Այս տարվա 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ. Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ինչո՞վ է զբաղված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի Կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը, իրավապահ համակարգը, երբ բանակում արդեն քանի անգամ է զինվորները վերջ են տալիս իրենց կյանքին, քանի որ դիրքում քնելու թեման դարձել է ժամկետային զինծառայողների նվաստացման, ճնշման պատճառ ու ժամկետային զինծառայողներն իրենց ամրակցված զենքերով ինքնասպան են լինում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս