«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ դեպի Հրազդան, Չարենցավան մեկնող երթուղայինների կանգառում 40 րոպե և ավելի քաղաքացիները և հատկապես ուսանողությունը ստիպված են կիզիչ արևի տակ սպասել ավտոբուսի, որ կարողանան հասնել տուն:
«Երթուղայինի մոտենալուն պես վայրկյանական լցվում է` հրմշտոցով, ԿԱՆԳՆԱԾ երթևեկել պատրաստ ուսանողությամբ։
Ուզում ենք մարզերը զարգանա՞ն, Երևանը բեռնաթափվի՞։ Այս ուսանողներից յուրաքանչյուրը վաղն ամեն ինչ կանի, որ մնա Երևանում, որ իր երեխաներն էլ այս տանջանքները չտեսնեն։ Չմոռանաք բոցաշունչ ճառեր ասել ուսանողության, երիտասարդության օրվա առթիվ»,- գրել էր նա:
ArmLur.am-ը կապ հաստատեց տվյալ երթուղին սպասարկող «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ ընկերության շահագործման բաժնի ղեկավար Արման Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված տրանսպորտի նման հաճախականությամբ աշխատանքը, վերջինս ասաց, որ նման բան լինել չի կարող:
«Հրազդան-Երևան երթուղին սպասարկող 270 համարի ավտոբուսն աշխատում է 5-ից 10 րոպե ինտերվալով։ Օրվա ընթացքում կարող է լինել մեկ երթ՝ ցերեկային ժամերին 15 րոպե (դա ամենաերկար ինտերվալն է), իսկ Չարենցավանը 4-ից 12 րոպե է, միջինում 5-8 րոպեն մեկ մի մեքենա է գնում Չարենցավանից Երևան։
Մեքենաները տեղորոշման համակարգ ունեն ու GPS-ով նայում ենք»,- հավելեց նա։
Էմմա Մարտիրոսյան