ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:

Ըստ աղբյուրի՝ խնդրի կարգավորման նպատակով տրվել է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրրոնի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական emis.am համակարգում՝ մուտք գործելով համապատասխան դպրոցի էջ:

Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝

  • ·         5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
  • ·         1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,
  • ·         առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները,
  • ·         նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար ևս անհրաժեշտ է համակարգում նշում կատարել «Ենթակա է ատեստավորման» բաժնում», ասվում է պարզաբանման մեջ:

Նշվում է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, իսկ ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Նշվում է նաև, որ համակարգում առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների կարիքը գնահատվում է «Ոչ», իսկ ըստ մակարդակի վերապատրաստում անցնելու համար գնահատվում են առկա 11 բաժինները:




Լրահոս