Կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կսահմանվի եւ կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը, բացի դրանից, նշված գործառույթների վերահսկողությունը կդարձնի առավել համապարփակ ու արդյունավետ: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:

Հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված, կամ չգրանցված դեղեր, վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացումը հավաստող փաստաթղթեր եւ դրանք ներկայացվել են տեսչական մարմնին: Մյուս կողմից, վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու` դեղերն իրապես ոչնչացվո՞ւմ են, թե` ոչնչացումը ստանում է փաստաթղթային ձեւակերպում, սակայն իրականում դրանք իրացվում են:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առձեռն կամ փոստով, միաժամանակ նաեւ էլեկտրոնային փոստով, տեսչական մարմնին առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրամադրել ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն` ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի, սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի տվյալների վերաբերյալ: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկության չտրամադրումը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրումը կառաջացնի օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Ոչնչացման գործընթացը նախատեսվում է իրականացնել տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ:

Նարեկ Զեյնալյանի խոսքով ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ օրինաչափ գործողությունների իրականացումը:

Հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




Լրահոս