Այսօրվա մամլո ասուլիսում ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հայտարարեց, որ Քեսաբի համար արվող ՀՀ կառավարության քայլերը բավարար չեն: Հանդես գալ միայն դատապարտող հայտարարությամբ` քիչ է: Հայաստանը պետք է բողոքով հանդես գա ՄԱԿ-ում և պահանջի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը :
«Ոճրագործ Էրդողանը շարունակում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը»,- ասաց պրն. Մեսրոպյանը:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Թուրքիան կապ չունի Քեսաբում կատարվող իրադարձությունների հետ, ավելին` Թուրքիան պատրաստ է ընդունելու քեսաբցիներին, Մեսրոպյանը ծիծաղելի համարեց այդ հայտարարությունը` ասելով. «Իր սահմաններից ահաբեկիչներին թույլ է տալիս մտնել Սիրիա ու այսքանից հետո քեսաբցիներին ընդունելու մասին է խոսում»:
Ինչ վերաբերում է Քեսաբում արված սարսափելի լուսանկարներին, Մեսրոպյանը հերքեց այն խոսակցությունները, թե դրանք վայրագ ձևով սպանված հայերի լուսանկարներ են: «Քեսաբում սպանված հայ չկա»,- ասաց ՍԴՀԿ փոխատենապետը: