ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը. այն կուղարկվի ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հարցը ընդգրկված էր կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում և հավանություն ստացավ:

Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այդ նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին հրապարակվել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էրԵրեք տարի անց հաստատվեց եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

ArmLur.am-ը նկատեց, որ Կառավարության աշնանային առաջին նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատման է ներկայացված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը։

Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համաձայն՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատա­կով պետք է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ պետք է նշանակվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:

2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչև 2022թ. ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորություն։

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:

Իսկ ինչ է ենթադրում Հռչակագրի այս կետը.

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԱՊՀ պետություններն իրականում ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով չեն ընդունել խորհրդային սահմանների շարունակականությունը։ ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը և Ալմա-Աթայի հռչակագիրը խոսում են տարածքային ամբողջականության և տարածքների անքակտելիության մասին, որոնք բոլորովին այլ երևույթ են։

Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը:»: Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն այստեղ ուշագրավ է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում Արցախը երբեք չի եղել:

Նկատենք՝ հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ էր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում նախկին իշխանություններին:




Լրահոս