ԱՄՆ-ն խոստանում է օգնել Քեսաբին, բայց չի խոսում Թուրքիայի մասնակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում իրականացվող բռնությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը, ով, սակայն, խուսափել է պատասխանել Թուրքիայի մասնակցության մասին հարցին:

ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայում և ողջ տարածաշրջանում բռնություններից տուժածներին, այդ թվում՝ նաև սիրիահայերին:

«Մեզ վաղուց անհանգստացնում է դաժան ծայրահեղականներից սպառնացող վտանգը, և Սիրիայում հայկական համայնքին սպառնացող վերջին վտանգը միայն ընդգծում է այդ», – ասել է Մարի Հարֆը:

Այդուհանդերձ, Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախապես ծրագրել էր Սիրիայում իրականացվող սադրանքները` հարևան երկրի տարածք ներխուժելու պատրվակ ստեղծելու նպատակով:

Միաժամանակ հաղորդվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում անհանգստություն է հայտնվում Քեսաբի վրա ապօրինի զինված կազմավորումների հարձակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Թուրքիայի կողմից հրետանական պաշտպանության ներքո:




Լրահոս